Հայ ռեժիսորները չեն սիրում ժամանակակից հայ պիես բեմադրել. Սոնա Մելոյան
Թատերական գործիչների միության մամուլի քարտուղար Սոնա Մելոյանը կարծում է, որ հայ ռեժիսորները չեն սիրում ժամանակակից հայ հեղինակների պիեսներ բեմադրել և դա էր պատճառը, որ օրեր առաջ տեղի ունեցած «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունում «լավագույն պիես» անվանակարգին արժանացել է դեռ չբեմադրված «Անմեղսունակների պարը» աշխատությունը:
«Այս տարի այդպիսի որոշում կար քարտուղարությունում, քանի որ մեր ռեժիսորները չեն սիրում ժամանակակից հայ պիես բեմադրել, և շատ հաճախ ուղղակի չենք էլ դիտարկում այդ անվանակարգը, որովհետւ կոնկուրենցիա չի լինում, մի հատ երկու հատը չի էլ ընդունվում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սոնա Մելոյանը նշեց, որ անվանակարգում ներկայացված 14 պիեսից միայն 2-ն է եղել բեմադրված: Դրանք, ինչպես տեղեկացրեց նա, անվանակարգի համար ընտրել է դրամատուրգ, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունում ժյուրիի անդամ Կարիեն Խոդիկյանը:
«Այս անվանակարգի համար պիեսներ է առաջարկել դրամատուրգ տիկին Խոդիկյանը: Որպես մասնագետ ինքն առաջարկեց այն պիեսները, որոնք գտավ ճիշտը»,- ասաց Մելոյանը և ավելացրեց, որ այս կերպ փորձում են ռեժիսորների ուշադրությունն ուղղել դեպի հայ դրամատուրգիան:
«Անմեղսունակների պարը» պիեսը հեղինակել է Գուրգեն Խանջյանը:










