Ստեփան Սաֆարյանը դիմելու է Գլխավոր դատախազություն
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և ՀՀ գլխավոր դատախազություն՝ «ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների վերաբերյալ ակնհայտորեն ուռճացված տվյալներ հրապարակելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումով»: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Քանի որ ԱՄՆ դեսպանը հորդորել է բոլորիս՝ մեզ հասած տեղեկությունները փոխանցել առաջին հերթին դատախազությանը և նաև իրենց, վարվելու եմ այդպես: Ինքս անձամբ իմ անունից այդ տվյալները ներկայացնելու եմ»,-ասաց Ստեփան Սաֆարյանը։
Պատգամավորի կասկածների հիմքը Ոստիկանության կայքում տեղադրված բոլոր 41 ընտրական տարածքների տեղամասերի ընտրողների թվի ընդհանուր գումարն է, որը ինչպես նշեց Ստեփան Սաֆարյանը՝ «2,5- 2,6 միլիոնի արանքում» է:
Երեկ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտարարություն տեղադրելուց հետո Ստեփան Սաֆարյանը արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից ստացել է բազմաթիվ մտահոգիչ նամակներ: «Նամակներում մարդիկ նշում են, որ իրենք տարիներով Հայաստանում չեն, իրենց հարևանները բարեկամները տարիներով Հայաստանում չեն, և նրանցից շատերի անուն-ազգանունները իրենք հայտնաբերել են ցուցակներում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս մարդիկ գրանցվել են վերջերս, այսինքն՝ 2008 թվականից հետո:
Նշենք, որ «Ժառանգության» պատգամավորը Facebook–ի իր էջում մասնավորապես գրել է. «Ոստիկանությունը հայտարարել է ընտրողների թիվը` ավելի քան 2.500.000: Այս խայտառակությունը հրապարակելուց առաջ իշխանությունները գոնե մի բան իրենց հաշիվ տային. եթե վերջին տարում Հայաստան եկողների ու Հայաստանից մեկնողների սալդոն բացասական է, ինչպե՞ս կարող էր ընտրողների թիվն աննախադեպ աճել: Սա ընդամենը մի ակնառու փաստ է, եթե չհիշեցնեմ վերջին տասնամյակներում չդադարող արտագաղթը, այդ խորապատկերին մարդահամարի տվյալների անարժանահավատությունը և այլն: Հայաստանում հազիվ այդքան մարդ լինի, բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից: Թե քանի հարյուր հազար գոյություն չունեցող մարդու է իշխանությունը լցոնել ցուցակներում, թողնում եմ ձեր եզրահանգմանը»:
Նշենք, նաև, որ պատգամավորի հայտարարությանն արձագանքած ՝ նամակագիրները պնդել են, որ իրենք Հայաստանից հեռացել են շատ ավելի վաղուց: «Այսինքն՝ նրանք իրենք չէ, որ գրանցվել են, նրանց գրանցել են 2008 թվականից հետո: Գիտեք, որ 2008-ի համեմատությամբ ընտրողների թիվը ավելացել է մի քանի հարյուր հազարով, և հետևաբար, այս կտրվածքով ոստիկանության բացատրությունները, թե վերջին շրջանում են այդ մարդիկ գրանցվել, արժանահավատ չեմ համարում, որովհետև նրանք սոցիալական կայքի իմ էջում արդեն իսկ հայտարարել են, որ իրենք չեն նախաձեռնել որևէ գրանցում»,-ամփոփեց «Ժառանգության» պատգամավորը:









