Իսպանիայում համազգային գործադուլ է
Իսպանիայում այօր համազգային գործադուլ է, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն: Սա առաջին խոշոր բողոքի ակցիան է, որին բախվում է Իսպանիայի ներկայիս կառավարությունը` պահպանողականների առաջնորդ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ (2011թ. դեկտեմբեր): Նախորդ համընդհանուր գործադուլը երկրում անցկացվել էր 2010 թ.-ի սեպտեմբերին:
Գործադուլը կազմակերպել են երկրի երկու խոշորագույն արհմիությունները` Աշխատավորների համընդհանուր արհիմությունն (Uniоn General de Trabajadores) ու Աշխատավորական հանձնաժողովները (Comisiones Obreras):
Աշխատավորները դժգոհում են նոր օրենքի դեմ, որով գործատուների համար հեշտացվել ու «էժանացվել» է աշխատակիցներին աշխատանքից ազատման գործընթացը, նաև կրճատվել է աշխատանքից ազատված աշխատակցին նյութական փոխհատուցման չափը:
Իսպանական արհմիությունները դժգոհ են նաև կառավարության սահմանած խիստ տնտեսական միջոցներից: Սակայն վարչապետը գտնում է, որ դրանք կնպաստեն երկրում գործազրկության նվազմանը:
Իսպանիան Եվրամիության երկրների թվում բյուջեի դեֆիցիտի ու գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից է:









