ԲՐԻՔՍ-ի երկրները Զարգացման բանկ կհիմնեն

13:31 • 29.03.12

Նյու Դելիում անցկացված երկօրյա գագաթնաժողովում ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) անդամ երկրների ներկայացուցիչները որոշել են Զարգացման բանկ հիմնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գոծակալությունը, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը:

«Անհրաժեշտ է վերանայել այս առաջարկը և այս մասին զեկույց ներկայացնել հաջորդ գագաթնաժողովին», - հավելել է վարչապետը:

Գագաթնաժողովի ավարտին հինգ երկրների ներկայացուցիչները ստորագրել են ազգային արժույթով վարկերի տրամադրման գլխավոր և ակրեդիտիվների հաստատման բազմակողմ համաձայնագրեր:

«Այս փաստաթղթերը միտված են ընդլայնել ԲՐԻՔՍ-ի երկրների միջև ազգային արժույթների փոխանակման դերը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Երկօրյա գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են համաշխարհային քաղաքականության ու տնտեսության առավել արդիական խնդիրները, էներգետիկ անվտանգության հարցեր, Սիրիայում ու Իրանում իրավիճակը, Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխումները:

Ի դեպ, գագաթնաժողովին մասնակցած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ԲՐԻՔՍ-ի ներկայացուցիչներին կոլեկտիվ մարդասիրական օգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին:

«Մենք կարևոր ենք համարում Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառումը` մի կողմից կառավարությանը և մյուս կողմից ընդդիմությանը հնարավորություն ընձեռելով վերջապես երկխոսություն սկսել, և նախապես չասել, թե այն կձախողվի, և միայն ռազմական գործողությունները կարող են կարգուկանոն մտցնել երկրում: Դա ամենաանհեռատես ու վտանգավոր մոտեցումն է», - ասել է Մեդվեդևը:

Այս կազմակերպության առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2009 թվականին: Երկու տարի անց այն ժամանակ ԲՐԻՔ-ին միացավ նաև Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը: