Հեղինե Բիշարյանը կոռեկտ չի արտահայտվել. Սուսաննա Աբրահամյան

18:04 • 29.03.12

Հեղինե Բիշարյանը խելացի կին է, սակայն ոչ կոռեկտ է այսօր գտնվել իմ մասին խոսելիս, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը։

«Ես լինելով ինֆորմացիայի ոլորտի մարդ, շատ լավ գիտեմ, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու ճակատագրի վրա, մանավանդ երբ այդ մարդը ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ: Ես կարող եմ միայն ասել, որ Հեղինե Բիշարյանը խելացի կին է, սակայն այս պարագայում իմ մասին խոսելիս, նա կոռեկտ չի գտնվել, քանի որ կուսակցությունից դուրս գալ–չգալը որոշում եմ ես ինքս, և ուրիշ ոչ ոք»,- ասաց Սուսաննա Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե Սուսաննա Աբրահամյանը չի հեռացել և չի պատրաստվում հեռանալ ՕԵԿ-ից և պարզապես վայր է դրել մամուլի խոսնակի լիազորությունները: «Սուսաննա Աբրահամյանը չի լքել և չի պատրաստվում լքել կուսակցությունը: Նա մամուլի քարտուղարի աշխատանքն է թողել և սա քաղաքականացնել պետք չէ»,– ասել էր նա:

Սուսաննա Աբրահամյանը նաև նշեց, որ ինքն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և այդ ժամանակ բոլորը կիմանան, թե ի վերջո ինչ է լինելու՝ դուրս է գալու կուսակցությունից, թե ոչ։

Օրեր առաջ Սուսաննա Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ և հրաժարվել էր ՕԵԿ մամուլի քարտուղարի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ իր աշխատանքը չի գնահատվում կուսակցությունում: ՕԵԿ համամասնական ցուցակում Սուսաննա Աբրահամյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը: Սուսաննա Աբրահամյանը դեռ ՕԵԿ անդամ է: