Պետերբուրգյան առանձնատանը 40 պարկ գանձերով գաղտնի սենյակ է հայտնաբերվել (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքում գտնվող Նարիշկինների առանձնատանն աշխատող բանվորները մեծ անակնկալի են արժանացել: Նրանք հայտնաբերել են մի գաղտնի սենյակ, որը ամբողջովին լցված էր ընտանեկան արծաթեղենով և ոսկով, հաղորդում է vesti.ru-ն:
Վերականգնող խումբը շինվերականգնողական աշխատանքներ էր կատարում նախահեղափոխական Ռուսաստանում հայտնի Նարիշկիններին պատկանող առանձնատանը:
Գաղտնարանը գտնվել է վերականգնվող շինության տանիքի տակ գտնվող սենյակում: Նախնական տվյալներով, հայտնաբերվել է 40 պարկ գանձ, որոնցում, բացի արծաթյա սպասքից, գտել են թանկարժեք զարդեր, դեկորատիվ իրեր, Ռուսական կայսրության մեդալներ և շքանշաններ: Շատ իրեր փաթեթավորված են 1917թ. թերթերի մեջ:
Ըստ օրենքի՝ գտածոյի արժեքի կեսը պետք է տրվի նրանց, ով գտել է գանձը:















