Վարդանուշը երգեց Երևանում, իսկ կպարի մեկ ուրիշ անգամ (տեսանյութ, լուսանկարներ)

13:42 • 29.03.12

Այսօր Golden Tulip Yerevan հյուրանոցում ուկրաինահայ մերկապարուհի և երգչուհի Վարդան՝ Վարդանուշ Մարտիրոսյանը, և նրան ուղեկցող հանրահայտ ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին հանդիպեցին լրագրողների հետ և կարելի է ասել՝ նաև ելույթ ունեցան: Վարդան և Կոզլովսկին մի հատված կատարեցին իրենց համատեղ հիթից՝ «Մի թողնիր ինձ մենակ» հայերեն տարբերակով:

Կոզլովսկին հատուկ նշեց, որ նմանություն է գտնում հայերենի և ուկրաիներենի միջև՝ մեղեդայնության առումով: Ըստ նրա`՝ նույնիսկ Ուկրաինայում կան մարդիկ, ովքեր հավանում են իր և Վարդայի դուետի հայերեն տարբերակը: Նա հիշեց նաև Էմմիի հետ «Կամուրջները» համատեղ կատարելու իր փորձառության մասին: Վիտալին հանգստացրեց լրագրողներին՝ ասելով` չի նեղվում, որ գրեթե բոլոր հարցերը Վարդային են ուղղված, քանի որ հասկանում է՝ ինքը ընդամենը հյուր է: Երգիչը ասաց, որ ինքն էլ հայկական արմատներ ունի՝ տատիկի տատը հայ է եղել, ինչի մասին հայրը նրան նոր է հայտնել՝ Վարդանուշի հետ աշխատելուց հետո: Tert.am-ին նա պատմեց, թե ինչպես են ծանոթացել Վարդայի հետ. Բրիթնի Սփիրսի համերգի ժամանակ Վարդան իր մեքենայով հարվածել է նրա մեքենային: Այդպես էլ ծնվել է այսօր ԱՊՀ-ի տարածքում ամենից քննարկվող ստեղծագործական տանդեմներից մեկը:

Իսկ Վարդանուշը, ինչպես և Վիտալին, հայտնվեցին ֆոյեում, ամբողջովին ճերմակազգեստ՝ աժիոտաժ առաջացնելով, անմիջապես լսվեցին քննարկումներ Վարդանուշի կառուցվածքի մասին: Լրագրողներից բացի ֆոյեն լի էր նաև կենվորներով, որոնք հենց այդ պահին որոշել էին սրճել կամ ուղղակի անցնել այդ կողմերով:

Իր բեմական կեղծանվան՝ Սև հրեշտակի մասին Վարդան Tert.am-ին ասաց, որ հենց դա է ընտրել, քանի որ բոլորս էլ մեղսավոր ենք: Իր մասնագիտության մասին խոսելով՝ վստահեցրեց, թե ինքը շատ պարկեշտ է կյանքում, նույնիսկ ավելի՝ քան որոշ գրադարանավարուհիներ: Չնայած հայ հայրը սկզբում հրաժարվել է անգամ խոսել աղջկա հետ՝ իմանալով, թե ինչ մասնագիտություն է ընտրել նա:

Վարդան տարբեր ակումբներում սկսել է հանդես գալ 15 տարեկանից: Ի դեպ, սկզբնապես որպես երգչուհի, ապա անցել է մերկապարին՝ այդ ասպարեզում ձեռք բերելով մի քանի լուրջ՝ պարգևներով հաստատված հաղթանակներ: Նրա մանկական երազանք է եղել կրկեսի արտիստուհի դառնալ, բայց կյանքն այլ կերպ է դասավորվել: 7 երեխաներից բաղկացած ընտանիքում նաև հացի խնդիր կար: Ըստ Վարդայի՝ ինքն այժմ ունի գրեթե այն ամենը, ինչի մասին 5-6 տարի առաջ միայն երազում էր: Հուսով է առաջիկայում այնպիսի նվաճում ունենալ, ինչպիսին է Օսկարը: Դա այնքան էլ ֆանտազիայի ժանրից չի թվում, եթե հաշվի առնենք, որ նա Հայաստանում կինոֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:

Ինչ վերաբերում է մերկապարին, ապա Վարդան առաջիկայում հանդես կգա Երևանում՝ իր շոուներով, իսկ մինչ այդ  կհայտնվի հայկական «Երկու աստղում»:

Խոսելով մասնագիտական սկզբունքների մասին՝ նա ասաց, որ հրաժարվում է պրիվատ պարերից (չնայած նրան, որ հակառակ դեպքում շատ հարուստ կլիներ), քանի որ այդ դեպքում, ըստ իրեն, վերանում է արվեստի տարրը: Կյանքում միայն մեկ անգամ է համաձայնել պրիվատ պար կատարել, այն էլ՝ մրցույթի ժամանակ, բայց իր «տղամարդուն» իրենից շատ հեռու է նստացրել, ինչը ժյուրին գնահատել է՝ և նրան մրցանակ շնորհել, ի տարբերություն մյուս աղջիկների, ովքեր վուլգար էին պահում իրենց:

Իսկ Վարդան, ըստ Կոզլովսկու, ոչ միայն վուլգար չէ, այլ շատ լուրջ աղջիկ է. ի հաստատում այս պնդման Վիտալին ասաց, որ այլապես չէր աշխատի նրա հետ: Չնայած Tert.am-ին խոստովանեց, որ սկզբում մտածել է, թե Վարդանուշը «հերթականն» է, «փորով հայրիկի բալիկ»:

Ի դեպ, խոսելով տղամարդկանց մասին, Վարդան ասաց, որ իր համար գեղեցիկ են հումորի զգացումով տղամարդիկ: Ասասց, որ հավատում է սիրուն, իսկ հայ տղամարդկանց շրջանում ավելի հաճախ են պատահում «իսկական տղամարդիկ», ինչը, ըստ նրա, պայմանավորված է ավանդույթներով, դաստիարակությամբ: 

Լրացուցիչ հետաքրքրական էր պարզել, որ Վարդանուշը այստեղ նաև շատ քույրեր ու հարազատներ ունի, որոնց հետ պատրաստվում է  շփվել առաջիկա 2 օրերին՝ լրացնելու բացը, քանի որ Հայաստանում վերջին անգամ եղել է 5 տարեկանում: Հիմա նա 27 տարեկան է:

Հանդիպման ավարտին Վարդան հայերենով «գարնանային տրամադրություն» մաղթեց բոլորին: