Աֆղանստանում արյունալի մարտեր են բանակի ու թալիբների միջև
Աֆղանստանի արևմուտքում արյունալի մարտեր են ընթանում: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով Աֆղանստանից ստացվող տեղեկությունները, երեկվանից սկսված մարտերի ընթացքում մեկ օրում սպանվել են տասնյակ զինծառայողներ ու գրոհայիններ:
Ֆարահի փոխնահանգապետ Մոհամադ Յունուս Ռասուլիի խոսքով` մարտերը հաջորդել են գրոհայինների կողմից աֆղանական բանակի` հինգ մեքենայից բաղկացած ուղեկցող պահակախմբի վրա հարձակմանը: Ռասուլիի խոսքով` հարձակման հետևանքով զոհվել էր երեք զինվոր:
Իր հերթին, «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին հեռախոսով հայտնել է լրագրողներին, որ «օտարերկրացի զինծառայողներին զենք տեղափոխող պահակախմբի վրա հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 40 աֆղանցի զինվոր ու սպա»:
Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակմանն ի պատասխան` կոալիցիայի Ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գուլիստանում գտնվող թալիբների դիրքերին:
Իշխանությունների տեղեկություններով` հարվածի հետևանքով ոչնչացվել է մոտ 30 գրոհային, ևս 15-ը ստացել են վնասվածքներ:









