Միայն ՀԱԿ-ի օգտին քվեարկելով հնարավոր կլինի դուրս գալ ճահճից. Ստեփան Դեմիրճյան

19:29 • 30.03.12

ՀԱԿ հանրահավաքի ընթացքում ունեցած իր ելույթում Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ վերջերս ՀՀԿ-ի տարբեր դեմքեր հայտարարում են, որ ընտրությունները լինելու են աննախադեպ արդար և ՀՀԿ-ն 40 տոկոս ձայն է ստանալու: «Սա ասում է մի ուժ, որի իշխանության տարիներին երկրի արտաքին պարտքը հասել է 4 մլդր-ի, աննախադեպ չափերի է հասել արտագաղթն ու աղքատությունը, երկիրը կանգնել է էկոլոգիական և ժողովրդագրական խայտառակ պատկերի առաջ»,-ասաց նա:

Իր խոսքում Ստեփան Դեմիրճյանը նաև նշեց, որ իշխանությունները օգտագործում են իրենց վարչական ռեսուրսները և բարեգործության անվան տակ ընտրակաշառք է բաժանում: «Վարչախմբի պլանները կձախողվեն, եթե մեր հասարակությունը ոչ ասի քրեաօլիգարխիկ համակարգին , ոչ ասի ստորացուցիչ ընտրակաշառքին»,- ասաց նա:

ՀԺԿ ղեկավարի խոսքերով` Կոնգրեսի օգտին քվեարկելով միայն հնարավոր կլինի դուրս գալ այս այս ճանճից: «Քվեարկելով ՀԱԿ-ի օգտին, քվեարկելու եք հանուն արժանապատիվ կյանքի: Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ի ներկայությունը ԱԺ-ում լրիվ փոխելու է իրավիճակը մեր երկրում և հող է պատրաստելու նախագահական ընտրությունների համար»,- ասաց նա: