Խնդրում ենք և պահանջում չմիջամտել. բնապահպանները չեն ընկրկում

16:30 • 30.03.12

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որով բնապահպան ակտիվիստների անունից խնդրում է Ոստիկանությանը՝ չմիջամտել վաղը, մարտի 31-ին մի շարք բնապահպանների կողմից նախապես հայտարարված՝ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման գործողություններին։
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.

«Սույն թվականի մարտի 8-ին Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, ձևավորեցին «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»: Քաղաքացիական դատարանը մարտի 17-ի վճռով պահանջ ներկայացրեց Երևանի Քաղաքապետարանին 10-օրյա ժամկետում պուրակը բարեկարգել, ապամոնտաժել տաղավարները և տարածքը օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Քաղաքապետարանից արձագանք չեղավ:

Ընդունելով «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը՝ Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներից անկախ ձևավորվել է քաղաքացիների մի խումբ (հետայսու՝ բրիգադ), որը պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները: Բրիգադում ներգրաված են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ։

Ապամոնտաժող բրիգադը նախատեսել է իրականացնել ապամոնտաժումը մարտի 31-ին՝ շաբաթ օրը, ժամը 13:00-ին, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց հասարակական կարգը խախտելու և սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։

Բրիգադը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրինությանը պատշաճ ծանուցել է իրեն պատկանող, բայց անօրիական ձևով կառուցված տաղավարների ապամոնտաժման մասին: Նամակ է ուղարկել նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ապամոնտաժման ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Ելնելով այն հանգամանքից, որ դատական ակտի կատարման գործընթացին իրավունք ունեն մասնակցելու պահանջատերերը, ովքեր տվյալ դեպքում հանդիսանում են Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները՝ հրավիրում ենք բոլորին ականատես լինելու ապամոնտաժման գործողությանը:

Ապամոնտաժումը իրականացնելու են բացառապես բրիգադի անդամները, ուստի ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ՉՄԻՋԱՄՏԵԼ գործողություններին և չենթարկվել որևէ սադրանքի: Կանխավ հայտարարում ենք, որ որևէ սադրիչ կամ բռնի գործողություն կատարողները կապ չունեն բրիգադի և պուրակի համար պայքարող քաղաքացիների հետ: Կոչ ենք անում բոլորին անպայման ներկա լինել ապամոնտաժման գործողությանը՝ խաղաղ պայքարի միջոցներով աջակցելով բրիգադին:

Որպես ՀՀ քաղաքացիներ՝ երաշխավոր կանգնեք <Քաղաքացիական արդար և անկախ դատարանի> վճռի իրականացմանը:

ԵԿԵԼ Է ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ:
ՇԱԲԱԹ ՕՐԸ ժԱՄԸ ՄԵԿԻՆ ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ:

Հիշեցնենք, որ ակտիվիստները երկու օր առաջ նամակ էին ուղարկել ոստիկանապետին՝ իրազեկելով իրենց մտադրության մասին։ Երեկ էլ ոստիկանությունն էր հաղորդագրույթյուն տարածել՝ տեղեկացնելով ապամոնտաժման մտադրությունը կյանքի կոչելու փորձի հնարավոր հետևանքների մասին։