Մոսկովյան շները մեքենա են առևանգել

14:47 • 30.03.12

Մոսկվայում երեք շուն առևանգել են իրենց տիրուհու մեքենան, բախվել մեկ այլ մեքենայի ու փախուստի դիմել դեպքի վայրից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով «ԱլֆաԱպահովագրություն» ապահովագրական ընկերության հաղորդագրությանը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի կեսերին, սակայն ընկերությունն այդ մասին հայտնել է միայն այժմ:

Շներն առևանգել են իրենց տիրուհու մեքենան, երբ նա այն կայանել է առևտրի կենտրոններից մեկի կայանատեղիում: Ինչ-որ ձևով կենդանիներին հաջողվել է գործարկել մեքենան և պոկել տեղից. այն շուտով բախվել է առջևում կայանված մեքենային: Բարեբախտաբար, այդ մեքենայում մարդ չի եղել:

Այլ վթարներից խուսափել հաջողվել է միայն տիրուհու` առևտրային կենտրոնից դուրս գալուց հետո: Նրան թվացել է, թե չարագործ է առևանգել մեքենան, սակայն երբ բացել է դուռը, իր շներին է տեսել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Սակայն, մինչ նրանք զբաղված են եղել փաստաթղթաշրջանառությամբ, շները մեքենայով փախուստի են դիմել: Սակայն երկար «փախչել» նրանց չի հաջողվել: