Ընտրացուցակներում մահացածների նոր անուններ են հայտնաբերվում. Արսեն Համբարձումյան

17:59 • 30.03.12

Ընտրական տեղամասերի ընտրացուցակներում շարունակվում են հայտնաբերվել մահացած մարդկանց նոր անուններ, այս մասին Tert.am-ը պարզեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանից:

Թե քանի մահացածի անուն է հայտնաբերվել, Համբարձումյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, քանի որ այսօրվա թեժ գծին զանգահարողների արդյունքները դեռ չեն ամփոփովել:

«Այս պահին այսօրվա արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց մի 10-15 զանգ արդեն եղել է, որոնք հաշվառումներին են հիմնականում վերաբերում»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել և ներողություն խնդրել լուսահոգի Ֆադեյ Սարգսյանի հարազատներից, ում անունը պարզվել էր, որ կա ընտրացուցակում:

Անճշտությունների գտնելու դեպքում Ոստիակնությունը խնդրել էր քաղաքացիներին դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել թեժ գծին` 010-53-88-63 հեռախոսահամարով: