Apple-ի մատակարար չինական գործարաններում աշխատանքի պայմանների լրջագույն խախտումների մասին լուրերն ապացուցվել են
Անկախ հետաքննությունը աշխատանքի պայմանների լրջագույն խախտումներ է հայտնաբերել տայվանական «Ֆոքսկոն» ընկերության գործարաններում, որտեղ հավաքվում է ամերիկյան Apple ընկերության արտադրանքը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
ԱՄՆ-ի արդար աշխատանքի ասոցիացիան, Apple-ի խնդրանքով, «Ֆոքսկոն» ընկերության՝ մայրցամաքային Չինաստանում գտնվող գործարաններում աշխատանքի կազմակերպման ընթացքի վերաբերյալ մեկ ամիս ստուգումներ է անցկացրել:
Ստուգումների համար առիթ էր հանդիսացել արտադրամասերում անվտանգության ցածր մակարդակի վերաբերյալ հայտարարություները, ինչպես նաև տեղեկությունները, որ գործարանների աշխատակիցներին ստիպում են չափից շատ աշխատել: Բացի այդ, «Ֆոքսկոն» ընկերության արտադրամասերում նախորդ տարի մի շարք ինքնասպանություններ էին եղել:
Քննությունը բացահայտել է, որ աշխատակազմը հաճախ շաբաթական ավելի քան 60 ժամ է աշխատում, հաճախ շաբաթվա բոլոր 7 օրերը: Բացի դրանից՝ հավելյալ աշխատաժամերի համար հավելավճարներ չեն տրամադրվում, իսկ գործարանում անվտանգության նորմերի խախտումները պարբերական բնույթ են կրում:
Բացահայտումների արդյունքում «Ֆոքսկոն» ընկերությունը պարտավորվել է, որ ամենաուշը 2013թ. հուլիսից իր գործարաններում աշխատանքի պայմանները կհամապատասխանեցվեն Արդար աշխատանքի ասոցիացիայի և Չինաստանի օրենսդրության չափանիշներին:
«Ֆոքսկոն» ընկերության արտադրամասերում 1,2 մլն մարդ է աշխատում:
Տայվանական այդ ընկերությունը հավաքում է աշխարհում արտադրվող էլեկտրատեխնիկայի 40%-ը, այդ թվում և ամերիկյան Apple, Microsoft, Hewlett-Packard, Dell կորպորացիաների համար: Ընկերության երեք ուսումնասիրված գործարաններում միջին ամսական աշխատավարձը 360-455 ԱՄՆ դոլար է եղել:









