ՀՀԿ-ն նպատակ է դրել ընտրել սոցիալապես անապահովներին, իսկ ես կայացած եմ. Հակոբ Հակոբյան

17:14 • 30.03.12

Թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը վիրավորված չէ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, որ արդեն որերորդ անգամ պաշտպանում են ոչ թե իր, այլ Սեդրակ Սարոյանի թեկնածությունը:

Tert.am–ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց. «Որովհետև կուսակցությունն իր առաջ նպատակ է դրել սոցիալապես անապահովներին, իսկ կայացածները, հակառակը, պետք է պաշտպանեն կուսակցությանը»:

«Եթե ես կայացած չեմ, բնականաբար, ինձ պետք է պաշտպանեին, իսկ իմ առաջ նման խնդիր դրված չէ, ես պետք է ինքս ապացուցեմ, որ կայացած քաղաքական գործիչ եմ ու ժողովուրդը ինձ իր քվեն տալով՝ համոզի կուսակցությանը, թե ես ինչքան քվե ունեմ: Իսկ եթե կուսակցությունն աջակցի ինձ, դուրս կգա, որ դա կուսակցության շնորհիվ է»,– ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում գրանցված պատգամավորության հինգ թեկնածուների թվում կա Հակոբ Հակոբյան անուն ազգանունով մեկ թեկնածու ևս (հայրանունը՝ Վարշամի), ինչպես նաև անկուսակցական Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն։

Պատգամավորի թեկնածուն Սեյրան Սարոյանի չգրանցելու մասին դիմում էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պնդելով, թե Սարոյանը վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել ՀՀ–ում և հետևաբար նրա թեկնածությունը չպետք է գրանցվի։ Սակայն Հակովյանի դիմումը մերժվեց:

Մեկնաբանելով, թե ինչու իր մրցակիցը գրանցվեց, իսկ Խաչատուր Սուքիասյանը չգրանցվեց, Հակոբ Հակոբյանն ասաց.« Քանի որ Խաչատուր Սուքիասյանը ընդդիմության ներկայացուցիչ է, իսկ պատգամավոր Սեյրան Սարոյանը Հանրապետական կուսակցության կողմից աջակցվող թեկնածու է»:

Տեղեկությունը, որ Սեյրան Սարոյանը վերջին հինգ տարիներին մշտապես Հայաստանում չի բնակվել , Հակոբ Հակոբյանը ձեռք է բերել որպես Արմավիրի մարզի բնակիչ:

«Իմ տեղեկությունը տալիս է ժողովուրդը, որը որ ընկած ման է գալիս Սեյրան Սարոյանին: Ժողովուրդը, անկախ նրանից, թե ինչ տեղեկանք կտան, գիտի և մեկ անգամ ևս տեսավ և համոզվեց, թե իրականում նա Հայաստանում եղե՞լ է, թե չէ: Եթե իրականում եղել է Հայաստանում, ես կկորցնեմ իմ ձայները, կասեն՝ «սուտ ա խոսում», հորինում չէ՞»,- ասաց թեկնածուն, որը նկատել է, որ մոտ տասը օր առաջ ԱԺ պաշտոնական կայքում Սարոյանի բացակայությունները կազմել են 57%, սակայն հիմա՝ 50 տոկոս է:

«Հիմա թե անցածն է սխալ եղել, թե հիմա, բայց որ էնտեղ միջամտություն կա, հաստատ է»,-ասաց Հակոբ Հակոբյանը: