Մենք այսօր չունենք ավելի ակտուալ հարց, քան Հայ Դատի աշխատանքն է. Երևանում մեկնարկել է Հայ Դատի խորհրդաժողովը

12:53 • 30.03.12

Այսօր մեկնարկեց Հայ հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի Երևանում գումարված թվով 4-րդ եռօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ աշխարհի տարբեր երկրներից:

Օրակարգում 6 հարցեր էին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, հայ-թուրքական հարաբերությունները, Արցախի միջազգային իրավական ճանաչման և բանակցային գործընթացի, Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ պայքարի հիմնախնդիրները, ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները, ինչպես նաև Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնությունները:

Հայ Դատի Բյուրոյի անդամ, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձավ Խորհրդարանական դիվանագիտության և Հայ Դատի խնդիրներին: Խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից՝ բանախոսը նկատեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, թե՛ հայկական և թե՛ ընդհանրապես մյուս երկրների հանձնաժողովների ներկայացուցիչները պատրաստ չեն դիվանագիտական աշխատանքների՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ըստ նրա՝ հանձնաժողովները կազմված են մարդկանցից, որոնք թեմաներին լավ չեն տիրապետում:

«Թուրքական և արդրբեջանական լոբբին աշխատում են այլ միջոցներով՝ հիմքում ունենալով նյութականը: Այս առումով մենք պետք է հասկանանք, որ չենք կարող մրցել նրանց դաշտում, նվերների, նյութական շահերի ասպարեզում։ Մեր աշխատանքը հիմնված է բարոյական, գաղափարական հենքերի վրա»,-ասաց նա:

Խորհրդարանական դիվանագիտությունը, այդուհանդերձ, նա համարեց կաևոր միջոց՝ ներկայացնելու հայկական շահերը:
Վահան Հովհաննիսյանը իր կարծիքը հայտնեց այն հարցադրման հետ կապված, թե արդյոք Հայ Դատի աշխատանքներն այսօր արդիական են, թե ոչ, և արդյոք ժամանակը չէ աշխատել միայն ներքին հարցերով: «Իմ պատասխանը շատ հստակ է, մենք այսօր չունենք ավելի ակտուալ հարց, քան հայ դատի աշխատանքն է, քանի որ հենց ներքին, սոցիալական հարցերը, ի վերջո, ածանցյալ են այն հսկայական ողբերգությանը, ինչպիսին ցեղասպանության հարցն է»,- նշեց նա:

Վահան Հովհաննիսյանը որպես Հայ Դատի կարևոր խնդիրներ, առանձնացրեց երեք հարց՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: «Պետք է գտնել բանաձևեր, ճշգրիտ ձևով ապահովելով դրանց բալանսը՝ ճշգրիտ լուծումեր գտնել: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչքանո՞վ է նպաստում դրան։ Ցավոք միշտ չէ: Հայ Դատի գրասենյակները պետք է աշխատեն ճիշտ, իդեալական դիվանագիտությամբ, այդ սայթաքումները շտկելով»,– ասաց նա:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները՝ նշելով, որ Հայ Դատը հարուստ փորձ ունի և չօգտվել դրանից՝ կլինի շատ մեծ սխալ ցանկացած իշխանության համար:

Ռուստամյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը նկատեց այն մարտավարությունը և այն կաշկանդվածությունը, որն առկա է պաշտոնական դիվանագիտության մեջ: «Հայ Դատի գաղափարախոսության հիմքում դրված է պահանջատիրությունը: Պետք է արտաքին քաղաքականության օրակարգի հիմքում դրված Հայոց Ցեղասպանության հարցում անքատելի մաս համարվի ոչ միայն ճանաչման , այլ հատուցման խնդիրները։ Դրանից չպետք է վախենալ, քանի որ մենք պետք է հասկանանք, որ մենք անխոցելի ենք, քանի որ արդարացի ենք»,-ասաց նա:

Հայ-թուրքական և Ղարաբաղյան հարցում նա կոչ արեց գործել միասնական: «Մենք չպետք է կատարենք քայլեր, որ մեր ձեռքից բաց թողնենք մեր հնարավորությունները, և այդ քայլերով չփակենք ճանապարհները»,-ասաց նա և որպես կարգախոս նշեց, որ Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով:

Հանձնաժողովը բացի վերը նշված հարցերից առաձին ուղղությամբ քննարկման կդնի նաև «Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները, Թուրքիայի դերակատարությունը և Հայ Դատի աշխատանքների նոր մարտահրավերները» թեմաները:

Վահան Հովհաննիսյանը իր կարծիքը հայտնեց այն հարցադրման հետ կապված, թե արդյոք Հայ Դատի աշխատանքներն այսօր արդիական են, թե ոչ, և արդյոք ժամանակը չէ աշխատել միայն ներքին հարցերով: «Իմ պատասխանը շատ հստակ է, մենք այսօր չունենք ավելի ակտուալ հարց, քան հայ դատի աշխատանքն է, քանի որ հենց ներքին, սոցիալական հարցերը, ի վերջո, ածանցյալ են այն հսկայական ողբերգությանը, ինչպիսին ցեղասպանության հարցն է»,- նշեց նա: