ՀՔԾ-ն իտալացի հանցագործների գործով Ոստիկանությունից նյութեր չի ստացել

13:23 • 30.03.12

Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում՝ իտալացի հանացագործներից առգրավված մոտ 10 հազար դոլարի անհետացման կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր չեն ստացվել, այս մասին Tert.am–ին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը։

«Չունենք էդպիսի բան»,– ասաց Անդրանիկ Միրզոյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից այս կապակցությամբ Tert.am–ին հայտնեցին, որ ՀՔԾ նյութեր են ուղարկվում ըստ քննության արդյունքների, այլ խոսքով՝ եթե հանցակազմ լինի:
Հիշեցենք, որ Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից իտալացի հանցագործներից առգրավված գումարի կապակցությամբ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն:

Հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, իսկ Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ընդունում է, Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց» «Նորմալ, իրենց խնդիրն է՝ ընդունել, չընդունել: Սա խնդիր է, իրենք են որոշում, որովհետև արագացված դատավարության պայմաններում ավելի մեղմ պատիժ են ստանում, հաշվի են առնում»:
Սա, ըստ Անդրանիկ Միրզոյանի, պայմանավորված չէ ՀՔԾ վարույթում իրականացված երկու նախաքննությունների ապացուցողական բազաների ամրությունից կամ հակառակը, որովհետև, ըստ ՀՔԾ պետի, երկու դեպքում էլ մեղադրանքը լիովին հիմնավոր է: