«Բյուրեղի» բողոքով «Մաքուր ջուրը» տուգանվեց 5 միլիոն դրամով (լուսանկարներ)
«Մգա Վոթըր» ընկերությունը, որն սպառողներին հայտնի է որպես «Մաքուր ջուր» ընկերություն, այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, անբարեխիղճ մրցակցության համար տուգանվեց 5 միլիոն դրամ:
Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ« («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ շուկայում իր մրցակից «Մգա Վոթըր» ընկերությունը սպառողին ներկայացնում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկություն: Բանն այն է, որ «Մաքուր ջուրը» իր պիտակի վրա գրում է. «Բնական աղբյուրի ջուր» , սակայն այն շշալցվում է Նուբարաշենի քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգից՝ նախապես քլորազրկելով ջուրը:
Նշենք, որ «Էվրի Դեյ» ընկերությունը իր սպառողին նույնպես տրամադրում է քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգից շշալցված ջուր:
Բացի տուգանքից «Մգա Վոթըր ընկերությունը պարտավոր է 5 օրվա ընթացքում փոխել իր պիտակները, հանելով «Բնական աղբյուրի ջուր» գրառումը:
Նշենք նաև, որ այսօր ՏՄՊՊՀ- որոշեց ամենախիստ կերպով պատժել «Մգա Վոթըրս» ընկերությանը: Ընկերությունը իր տարեկան հասույթի մեկ տոկոսը կվճարի պետությանը, իսկ տարեկան մեկ տոկոսի հասույթը կազմում է 5 միլոն դրամ:
Խնդրի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև «Էվրի Դեյ» ընկերությունը, որում նշված է, որ իր կողմից արտադրվող 19 լիտր տարայով «Բյուրեղ» աղբյուրի ջուրը, որը շշալցվում է Ջերմուկի տեղանքի թիվ 1 աղբյուրից և մրցակցում է «ՄԳԱ Վոթըր» ընկերության արտադրանքի հետ, անբարեխիղճ մրցակցության արդյունքում ընկալվել է որպես մրցակցային առավելությունից զուրկ ապրանք:
Ըստ հաղորդագրության, մարտի 23-ից սկսած «Էվրի Դեյ» ընկերությունը Երևանում սկսել է արտադրել JurJur ապրանքանիշի խմելու մաքուր ջուր, որը շշալցվում է քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հումքային ջրից` անցնելով քլորազրկում և հավելյալ ֆիլտրացիա: Նոր ապրանքատեսակը կոչված է մրցակցելու «ՄԳԱ Վոթըր» ընկերության համանման արտադրանքի` քաղաքային ցանցից շշալցված խմելու մաքուր ջրի հետ: «Շուկայի կայացմանը զուգընթաց առաջանում է սպառողներին սեգմենտավորելու անհրաժեշտություն»,–ասել է «Էվրի Դեյ» ընկերության տնօրեն Կարեն Սարկավագյանը՝ հավելելով,– «մենք պետք է հնարավորություն տանք սպառողին որոշում կայացնել հավաստի տվյալների հիման վրա»:
Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ էլ ՏՄՊՊՀ-ն տուգանեց «Պետրոլսերվիս» ընկերությանը` SPS-ին, 100 միլոն դրամի չափով, մրցակցության մեջ անբարեխիղճ գտնվելու համար:













