Mega Millions վիճակախաղի ջեքփոթը ԱՄՆ-ում հասել է ռեկորդային 640 մլն դոլարի

23:56 • 30.03.12

ԱՄՆ - ում ամենատարածված վիճակախաղերից մեկի` այս գիշեր խաղարկվող «Մեգա Միլիոնի» ջեքփոթը հասել է 640 մլն ԱՄՆ դոլարի, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Այս գումարը վիճակախաղերի համաշխարային պատմության մեջ ամենախոշորն է:

56 հնարավորներից 5 բաղձալի թվերի, ինչպես նաև մեկ «Մեգա գնդակի» թիվը կռահելու հավանականությունը հիմա ավելի քիչ է, քան 176 մլն-ից մեկը: Փորձագետները նշում են, որ նույնիսկ կոնկրետ մարդուն կայծակը խփելու հավանականությունը 100 անգամ բարձր է, քան այս վիճակախաղում հաղթելունը:

Սակայն երջանիկ միլիոնատեր դառնալու չափազանց ցածր հավանականությունը ամերիկացիների ազարտի վրա չի ազդում: Ամբողջ երկրով 1 դոլար արժեցող տոմսակները գնելու համար հերթեր էին գոյացել: Շատերը չբավարարվելով մեկով` շահելու ակնկալիքով հսկայական գումարներ են ներդրել, ինչպես օրինակ՝ Արիզոնա նահանգում սրճարանի մի հաճախորդ 2,600 տոմսակ է գնել:

CNN հեռուստաալիքի տվյալներով, ԱՄՆ-ում առավոտյան ժամում 1 մլն տոմսակ էր վաճառվում, ինչը հնարավորություն է տալիս, որ ջեքպոտը ակնթարթային աճ գրանցի: «Բացառված չէ, որ մինչև օրվա վերջ ջեքփոթի գումարը ևս 10-15 մլն դոլարով կարող է աճել», - ասել է վիճակախաղի կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչ Պոլ Ստայնբերգը:

Խաղարկությունը կկայանա Երևանի ժամանակով ժամը 07:00-ին՝ շաբաթ օրը:

Եթե հաղթողը մինչև օրվա վերջ չորոշվի, գումարը կարող է աճել` հասնելով մինչև 975 մլն ԱՄՆ դոլարի:

Ստեյնբերգը նշել է, որ եթե անցնեն 1 մլրդ-ի սահմանը, կազմակերպիչները լուրջ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ երկրով մեկ տեղադրված գովազդային վահանակները նախատեսված են միայն իննանիշ թիվ ցույց տալու համար: Բայց նման իրավիճակը կազմակերպիչները քիչ հավանական են համարում: