«Մգա Վոթըր» ընկերությունը դատարանում կվիճարկի ՏՄՊՊՀ–ի որոշումը
«Մգա Վոթըր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով շնորհակալություն հայտնելով իր սպառողներին 9 տարիների վստահության և համագործակցության համար՝ տեղեկացնում է, որ բողոքարկելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այսօր ընդունած որոշումը, ըստ որի ընկերությունը տուգանվել է առավելագույն, այն է անցած տարվա հասույթի 1%–ի կամ 5 մլն դրամի չափով։
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների` ընկերությունում հարկ են համարում ևս մեկ անգամ հայտարարել, որ «Մաքուր ջուր»-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐՆ ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող և ջրամատակարարման ցանցով առաքվող: «Մեր Ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ և միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել և միշտ փոխանցվել է մեր սպառողներին»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ ՀՀ–ում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ և ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում և այդպիսով «Մգա վոթըր» ՍՊԸ–ն հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշտգրիտ տեղեկություններ:
«Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաև ամբողջ հասարակությանը, օգտագործելով բոլոր մեթոդները»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ–ն այսօր տուգանեց «Մգա Վոթըրին» 5 մլն դրամով՝ հիմք ընդունելով ընկերության մրցակցի՝ «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությանի բողոքն առ այն, որ «Մաքուր ջուրը» իր պիտակի վրա գրում է. «Բնական աղբյուրի ջուր», սակայն այն շշալցվում է Նուբարաշենի քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգից՝ նախապես քլորազրկելով ջուրը:









