Նոր կառուցվող շենքերի մեծ մասը մատչելի չեն հաշմանդամների համար. ՄԻՊԳ

11:24 • 30.03.12

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է անդրադառնալ տարբեր գերատեսչությունների՝ 2011թ. գործունեությանը և այսօր հրապարակել է

Քաղաքաշինության նախարարության ձեռքբերումները և բացթողումները։

ՀՀ քաղաքաշինության նախարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն նախագծային փաստաթղթերի` քաղաքաշինական նորմերին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

• Նոր կառուցվող շենքերի մեծ մասը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

• Պատշաճ վերահսկողություն չի իրականացվել համայքների ղեկավարների` ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման պարտականության կատարման նկատմամբ:

• Նախարարության կողմից լիցենզավորված տարբեր կազմակերպություններ նույն շենքի վթարայնության աստիճանի վերաբերյալ քաղաքացիներին տվել են տարբեր եզրակացություններ:

• Աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման հերթացուցակում վերահաշվառելու գործընթացում առաջացել են հիմնավոր դժգոհություններ:

• Չեն ընդունվել «Քաղաքաշինական գործունեության հսկողության և վերահսկողության մասին», ինչպես նաև «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքները:


Արձանագրված դրական զարգացումները

Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են հատուկ կարգավորման ենթակա տարածքներում ՀՀ համայնքների կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության, միասնական պահանջների և չափորոշիչների սահմանմանը, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործառույթների օպտիմալացմանը, դրանց իրագործման ժամկետների կրճատմանը, ինքնակամ շինարարության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի ժամկետների կրճատմանը և այլն:


Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի սույն բաժինն (25) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/635 հասցեով։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա: