ՀՔԾ–ն չի պահպանել նախաքննության անցկացման ողջամիտ ժամկետները. ՄԻՊԳ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է անդրադառնալ տարբեր գերատեսչությունների գործունեությանը և այսօր հրապարակել է իր տարեկան զեկույցի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտին զարգացումներին 2011թ.։
Առանձին դեպքերում Ծառայության քննիչների կողմից չեն պահպանվել նախաքննության անցկացման ողջամիտ ժամկետները և դրանք անհարկի ձգձգվել են: Ընդ որում, վերջիններս տվյալ դեպքերում չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի նախաքննության ժամկետները, և դրանք բոլոր դեպքերում երկարացվել են սահմանված ժամկետներում և կարգով:
Նշված գնահատականը որոշակի առումով ընդունել է նաև Ծառայության պետը իր 2011թ. կատարված աշխատանքների ամփոփման ընթացքում՝ մասնավորապես նշելով, որ Ծառա-յության կողմից անհրաժեշտ է առանձնակի հետևողականություն դրսևորել նյութերի նա-խապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետ-ների պահպանման նկատմամբ:
Շարունակվել են Ծառայության աշխատանքների նկատմամբ քննադատությունները՝ կապված 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության անարդյունավետության հետ: Զոհված անձանց ընտանիքի անդամներն ու հարազատները այն համոզման են, որ Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները: Նշված խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Թոմաս Համարբերգն իր 2011թ. հրապարակված զեկույցում՝ մատնանշելով հարցի կարևորությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հասարակության վստահության բարձրացման տեսանկյունից:
Դրական է, որ նշված գործերի քննության վերաբերյալ Ծառայությունը հրապարակել է կատարված աշխատանքների մասին մանրակրկիտ տեղեկատվություն, այդուհանդերձ զոհերի ընտանիքները և հանրությունը ակնկալում են նշված գործերի ամբողջական բացահայտում:
Ծառայության քննությանը օրենքով ենթակա գործերի նախաքննությունն իրականացվել է այլ մարմինների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ մատնանշում է այն բոլոր դեպքերը, որոնց քննությունը ընդդատյա է Ծառայությանը, սակայն օրենքի այդ պահանջը երբեմն անտեսվել է: Օրինակ, ըստ Ծառայության կողմից ներկայացված տվյալի` ՀՀ ՊՆ զինծառայողի մասնակցությամբ (կողմից) կատարված հանցագործության վերաբերյալ ծառայությունում քննվել է մեկ քրեական գործ: Սա ինքնին արդեն վկայում է օրենքի խախտման մասին, որովհետև հանրությանը հայտնի են ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի մասնակցությամբ (կողմից) կատարված բազմաթիվ հանցագործություններ, որոնք քննվել և ավարտվել են հենց ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում: Այդպիսի դեպքեր եղել են նաև ոստիկանական համակարգում:
Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտումը հանգեցրել է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվել նախաքննության օբյեկտիվությունը:
Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների խախտումները և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Կարևորելով Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ Պաշտպանը գրավոր հարցմամբ դիմել էր Ծառայությանը՝ պարզելու, թե ինչ տեղեկատվություն է առկա այդ խնդրի վերաբերյալ տվյալ մարմնում և ինչ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Ի պատասխան, Ծառայությունը հայտնել է, որ աշխատակիցները «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին ծանոթացել և ներկայացվող պահանջների պահպանման մասին նախազգուշացվել են:
Ըստ Ծառայության կողմից հայտնած տվյալների, պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) դեպքերով 7 քրեական գործ է քննվել, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, 1-ը կարճվել է կողմերի հաշտվելու հետևանքով, իսկ 2-ը մնացել են անավարտ:
Ներկայացված թվական տվյալները վկայում են, որ պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) արժանացած ոչ բոլոր քաղաքացիներն են հաղորդում ներկայացրել Ծառայություն, ինչը վկայում է, որ Ծառայության համապատասխան գործառույթների իրացումը պաշտոնատար անձանց կողմից իրականում կատարված բռնության դեպքերին խիստ անհամաչափ է, և դա Ծառայության գործառույթների ոչ բավարար լուսաբանման և հասարակության շրջանում վերջինիս նկատմամբ ոչ բավարար վստահության արդյունք է:
Դրական է, որ ընթացիկ տարում Ծառայության վարույթում քննվել է 193 քրեական գործ, որից 69-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով մեղադրանք է առաջադրվել հիմնականում ոստիկանության, ՊԵԿ, քրեակատարողական հիմնարկների, ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ: Ծառայության վարույթում քննված և ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր.դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր, որոնք սահմանված ժամկետում քննարկվել են, և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնվել է նախաքննության մարմնին:
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։ Տարեկան զեկույցի սույն բաժինն (14) ամբողջությամբ կարող եք կարդալ հետրյալ հասցեով։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:









