Քաղաքապետարանը որոշ դեպքերում դրսևորել է խտրական և կամայական մոտեցում. ՄԻՊԳ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է իր գնահատականը Երևանի քաղաքապետարանի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում 2011թ. զարգացումների վերաբերյալ։
• Քաղաքապետարանի կողմից անբավարար վերահսկողության արդյունքում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և խաղահրապարակներում հաճախ իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք ժամանակին չեն կանխվել:
• Քաղաքապետարանը կրպակների ապամոնտաժման ծրագիրն իրականացնելիս հիմնականում չի ապահովել անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, ինչի հետևանքով խախտվել են համապատասխան անձանց իրավունքները, և առաջացրել սոցիալական լարվածություն:
• Չի սահմանվել Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմինը, որը պատշաճ հսկողություն պետք է իրականացներ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում կառուցապատողների` օրենքով կամ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ:
• Երևանի քաղաքապետարանը բավարար չափով չի վերահսկել համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությունը` կապված շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ու դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ:
• Առանձին դեպքում (Կոմիտաս 26 հասցեում) քաղաքացուն տրամադրվել է շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող քաղաքաշինական փաստաթղթեր, որոնք հետագայում նույն մարմնի կողմից վերացվել են` օրենսդրության պահանջների խախտմամբ տրված լինելու պատճառաբանությամբ:
• Երևանի քաղաքապետարանը ոչ բոլոր դեպքերում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքաշինական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խախտումներ թույլ տված անձանց: Այսինքն՝ դրսևորել է խտրական և կամայական մոտեցում:
• Մտահոգիչ է Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը: Բավարար չափով չեն իրականացվել հասարակական տրանսպորտի շահագործումը բարելավելու, կառավարումն առավել արդյունավետ դարձնելու և ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու աշխատանքները:
• Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտները, և հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրեր, որի հետևանքով շարունակել են խախտված մնալ վերջիններիս իրավունքները:
Արձանագրված դրական զարգացումները
• Համայնքներում իրականացվել են կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
• Վերականգնվել, կահավորվել և կառուցվել են հասարակական տրանսպորտի նոր կանգառներ:
• Քաղաքապետարանը բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ կարողացել է լուծել թափառական կյանքով ապրող անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի և առաջին անհրաժեշտության այլ հիմնախնդիրներ:
• Ծայրահեղ կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար մշակվել և քաղաքապետարանի կայքէջի միջոցով գործողության մեջ է դրվել «Ցանկությունների իրականացում» բարեգործական նախագիծը:
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։ Տարեկան զեկույցի սույն բաժինն (22) ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հասցեով։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:









