Նժդեհ փողոցի 35 շենքի 11-րդ բնակարանի մասին նյութերն ուղարկվել են Ոստիկանություն
Գարեգին Նժդեհ փողոցի 35-րդ շենքի 11-րդ բնակարանում գրանցված 100 անձի վերաբերյալ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակած հեռուստառեպորտաժը և օրվա մամուլի մշտադիտարկված՝ այս թեմային առնչվող նյութերն ուղարկվել են ոստիկանություն, այս մասին Tert.am–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հավելեց՝ « որպեսզի դրանք ստուգեն և ընթացք տան»:
Ինչ վերաբերում է «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը՝ Գլխավոր դատախազություն՝ «ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների վերաբերյալ ակնհայտորեն ուռճացված տվյալներ հրապարակելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու» մասին դիմում ներկայացնելու մասով, ապա ժամը 17.50–ի դրությամբ դատախազությունում որևէ դիմում չէր ստացվել:
Նշենք, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական շտաբերի աշխատակիցներին, որոնց ջանքերով հայտնաբերվել էին հարյուր գրանցվածները, հանձնարարվել է «սանրել» իրենց բնակության վայրերի ընտրական ցուցակները:
«Որովհետև այս վերջերս իմացանք, որ հիմա մասսայական բնույթ է մարդու տան վրա մարդ գրանցելը: Այսինքն՝ դու նստած ես քո տանը կարող է պատահի՝ ինչ-որ մեկին ժամանակավոր գրանցեն քո տան վրա ու դու չիմնաս էլ»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:









