Ոստիկանությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել «Հայկական Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակված Երևանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտության կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը վերացվելու է:
Անձնագրային և վիզաների վարչությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը:
Ոստիկանությունից քաղաքացիներին կրկին խնդրում են ընտրողների ցուցակներում ցանկացած անճշտություն, այդ թվում՝ մահացած անձանց տվյալներ հայտնաբերելիս, դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով:
Ոստիկանությունից խոստանում են օպերատիվ արձագանքել հաղորդումներին:









