Ոստիկանությունը բերման է ենթարկել մեն-մենակ պիկետ արած ակտիվիստին
Այսօր առավոտյան «Հանրային հեռուստաընկերության» մոտ մեն-մենակ բողոքի պիկետ անցկացրած Երվանդ Կարապետյանը քիչ առաջ տարվել էՈստիկանություն՝ իր կամքին հակառակ և բռնի ուժով, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Երվանդ Կարապետյանը, որը զրույցի պահին գտնվում էր Ոստիկանության Մարաշի բաժանմունքում:
«Ինձ չեն ասում՝ ինչ կարգավիճակով եմ։ Ասում են՝ «ահազանգ ենք ստացել, որ հոգեկան հիվանդ կա, հիմա բերել ենք պարզենք՝ Դուք հոգեկան հիվանդ եք, թե չէ»:
Նշենք, որ 32-ամյա ՀՀ քաղաքացին «Հ1»–ի մոտ բողոքել է մեն-մենակ՝ իր ձևակերպմամբ «Հանրային հեռուստաընկերության» «հակաժողովրդավարական գործունեության դեմ»: Նա այնտեղ է գնացել. «Հանրայինը խախտում է օրենքը», «Պահանջում եմ լուսաբանել բազմակողմանիորեն» ցուցապաստառներով:
Բերման ենթարկված անկուսակցական քաղաքացին տարբեր քաղաքացիական շարժումների ակտիվիստ է, բնապահպանների հետ հաճախ լինում է Մաշտոցի այգում և կառավարության դիմաց:
Մեր զրույցի պահին Երվանդը քսան րոպեից ավել գտնվում էր Ոստիկանությունում, և նրան ոչ թույլ էր տրվում գնալ, ոչ էլ ինչ-որ բան էին պարզաբանել մինչև մեր զրույցի պահը:
Այս պահին Երվանդ Կարապետյանը երկու ընթերակաների ներկայությամբ անձնական խուզարկության է ենթարկվում։









