Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը կփորձի YouTube–ից հեռացնել տալ ադրբեջանցիների «պատճենած» երգը (տեսանյութ)

13:31 • 30.03.12

Երգիչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը պատրաստվում է նախաձեռնել ադրբեջանցի մի երգիչ զույգի կատարման հեռացումը YouTube-ից, որը ոչ այլ ինչ է, քան «Վայ–Վայ» երգի պատճենումը։ Ֆարիդ Դադաշով և Ալի Ալիև (Farid Dadashov և Ali Aliyev) անունով երգիչների «երգի» երաժշտությունը պարզապես վերցված է Ռազմիկ Ամյանի նշված երգից։

Ադրբեջանցիների ֆանտազիան չի բավականացրել անգամ երգի համար նոր վերնագիր ընտրելու համար։ Արմին Մովսիսյանի խոսքերով, ադրբեջանցիները նույնիսկ երգի «մինուսը» (օրիգինալ գործիքավորումը) չեն փոխել։ «Սա ամենալավ ապացույցն է այն բանի, որ ադրբեջանցիների հաճախ հանդիպող մեղադրանքները, թե մենք ենք իրենց երգերը գողանում, ճիշտ հակառակն են»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ֆարիդ Դադաշով և Ալի Ալիև զույգը թերևս այնքան էլ հայտնի չեն, և այս կերպ նրանք գուցե փորձում են հայտնի դառնալ։ Դրանում համոզվելու համար բավական է google-ում փնտրել նրանց անունները և կարելի է հանդիպել մեկ–երկու աղքատիկ արդյունքի։ Ի դեպ ադրբեջանցիների «հեղինակած» տեսանյութը YouTube–ում տեղադրումից հետո մի քանի օրերի ընթացքում ունեցել է 1000-ից մի փոքր ավել դիտում։ Ռազմիկ Ամյանի՝ անցած տարվա օգոստոսին տեղադրված տեսանյութն էլ ունի շուրջ 730 հազ դիտում։