Կոլիզեիումի գլադիատորները Հռոմում «օրենքից դուրս» են հայտարարվել
Հռոմի քաղաքապետարանը որոշել է մինչև Սուրբ Զատիկ` ապրիլի 8-ը, Կոլիզեիումի մոտից վռնդել բոլոր հանդերձավորված գլադիատորներին և լեգիոներներին՝ նրանց գործը անօրինական համարելով:
Քաղաքի այդ հատվածում մի քանի տասնյակ տղամարդ Հին Հռոմի պատմական հանդերձանքով զբոսաշրջիկներին լուսանկարվելու ծառայություններ են առաջարկում:
Իտալիայի մայրաքաղաքի հյուրերի մի մասը նմանատիպ «գլոդիատորների» ձեռքում բացահայտ դրամաշորթության զոհ է դառնում: Սպառնալիքներով և վախեցնելով նրանք զբոսաշրջիկներից մինչև 20 եվրո գումար են պահանջում միասին լուսանկարվելուց հետո: Նման միջադեպերը հաճախակի քննարկման և վեճերի առիթ են հանդիսացել:
«Գլադիատոր-լեգիոներները» պնդում են, որ միայն կամավոր նվիրատվություն են խնդրում՝ պատմական հասարակության, իբր որի անդամ են իրենք հանդիսանում, պահպանման համար:
Քաղաքապետարանում պնդում են, որ չհայտարարագրված այդ գործունեության արդյունքում «գլադիատոր-լեգիոներները»` օրը 200-ական եվրո են աշխատում, որի համար նույնիսկ հարկեր չեն վճարում: Բացի այդ, իրավապահների և լրագրողների հետաքննությունները պարզել են, որ այս բիզնեսը պատկանում է մաֆիային:
«Գլադիատոր-լեգիոներները» չեն պատրաստվում հեռանալ, և արդեն հայտարարել են, որ չնայած ոստիկանական գործողություններին` չեն պատրաստվում «հացաբեր» տեղը լքել: Շատերը նշում են, որ արդեն 20 տարի այդ գործով են ընտանիք պահում:
Չնայած, փաստերը ցույց են տալիս, որ այդ «մասնագիտության» ներկայացուցիչների մեծ մասը ներգաղթյալներ են, ովքեր նույնիսկ իտալերեն չեն կարողանում խոսել:









