Հայաստանը կորցնում է իրանցի զբոսաշրջիներին վատ պայմանների պատճառով. տեսակետներ

16:34 • 30.03.12

Զուգարանների բացակայության, հյուրանոցների սակավության, ոչ նորմալ ճանապարհների պատճառով Հայաստանը կորցնում է զբոսաշրջիկներին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին Երևանի պետական համալսարանի զբոսաշրջության դասախոս Հենրիկ Տեր–Մարկոսյանը և իրանագետ Տիգրան Դավթյանը:

Նրանց խոսքով՝ սա է նաև պատճառը, որ այս տարի Նովրուզը (Ամանորն Իրանում) նշելու համար Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն նվազել է: Իրանական ավտոբուսները ձյունապատ ճանապարհների պատճառով չեն կարողացել առաջ շարժվել և ետ են վերադրձել:

Տիգրան Դավթյանի խոսքով՝ իրանցիներն Նովրուզը նշելու համար առաջինն ընտրում են Թուրքիան: Երկրորդ տեղում Դուբայն է, ապա Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը:

«Գնալով այդ շուկան մենք ձեռքից տալիս ենք, զիջում ենք, այնինչ կարող էինք ավելի առաջ լինել»,- ասաց Տիգրան Դավթյանը:

«Որտե՞ղ են ապրելու այդ տուրիստները, հյուրանոցները չկան: Քաղաքի կենտրոնում Դվին հյուրանոցն է, որը 500 մարդ էր տեղավորում, չի վերանորոգվում: Մենք կորցրեցինք իրանական շուկան, գնալով ավելի կկորի»,- նշեց Հենրիկ Տեր Մարկոսյանը, մյուս կարևոր խնդիրը համարելով զուգարնների բացակայությունը, ինչը նա կարծում է կարելի «էլեմենտար ձևով» լուծել և անվճար սպասարկել, ինչպես դա արվում է շատ ու շատ երկրներում:

Տեր-Մարկոսյանի խոսքով Հայաստանում տուրիզմի ոլորտում սխալ քաղաքականություն են իրականացնում, ինչը վանում է զբոսաշրջիկներին: Առաջինը այս առումով նա սխալ է համարում հատկապես բնակարանների, հյուրանոցների գների կտրուկ աճն այս շրջանում. «Գները տուրիստական շրջանում են միայն բարձրացնում, իսկ սեզոնը դեռ չի սկսվել»,- ընգծեց նա

Մյուսը կարևոր հարցը, ըստ նրա, փոխարժեքն է: Հայաստանում հաճախ իրանական դրամը չեն վերածում դրամի, ուստի միայն դոլար են պարտադրում ունենալ, այնինչ այլ երկրներում այդպես չէ:

Տիգրան Դավթյանը պատմեց վերջերս տեղի ունեցած մի դեպք, որը, նրա կարծիքով, ևս կարող է Հայաստան իրանցիների այցելությունների նվազման պատճառ դառնալ:

«Գեղարդ վանքի վանահայրը չի թողել մի ամբողջ տուրիստական խմբի մտնել վանք: Ոնց կարելի է: Ով է տեսել ոչ քրիստոնյաներին չթողնեն մտնել վանք»,- ասաց նա:
Մյուս կարևոր խնդիրը, որը զբոսաշրջիկը կարող է հանդիպել ճանապարհներին ավտոճանապարհային ցուցանակներում թարգմանության բացակայությունն է։

«Ինպես իրանցին հասկանա ինչ է նշանակում ՊԱՏ կամ ՃՈ: Անգամ հայերը չեն հասկանում»,- ասաց Դավթյանը:

Հենրիկ Տեր-Մարկոսյանի խոսքով՝ տուրիզմը նուրբ բիզնես է և դժվար է համոզել զբոսաշրջիկին նորից գալ, եթե մեկ անգամ արդեն եկել է և գոհ չի մնացել: