ԱՄՆ այցագրերի գինը թանկացել է

11:19 • 30.03.12

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կրկին ավելացնում է այցագրերի դիմումների արժեքը: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, ապրիլի 13-ից ԱՄՆ այցելել ցանկացող զբոսաշրջիկները, գործարարներն ու ուսանողները կվճարեն 140-ի փոխարեն 160 դոլար` 1 տարվա այցագրի համար:

«Պետդեպարտամենտը պետք է կարողանա փակել աճող ծախսերը: Ինչ-ինչ պատճառներով գոյություն ունեցող թիվը (140 դոլար) սկսել է չփակել այցագրի պատրաստման իրական արժեքը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գումարները կուղղվեն արտերկրում ամերիկյան ներկայացուցչությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու այցագրերի տրամադրման աշխատակիցների թվի ավելացմանը:

B1/B2 տիպի (զբոսաշրջության այցագիր, որը սովորաբար տրվում է մեկ տարով), բիզնես- վիզայի, ուսանողների համար բոլոր տեսակի, ինչպես նաև փոխանակման ծրագրերի (F, M և J տեսակ) մասնակիցներին տրվող այցագրերի գինն այսուհետ կլինի 160 դոլար:

150-ի փոխարեն 190 դոլար կվճարեն H, L (ժամանակավոր աշխատանքի կամ վերապատրաստում անցնել ցանկացողների համար), O (ԱՄՆ հրավիրված, հատուկ ընդունակություններով օժտված անձանց համար), P (մարզիկների ու արվեստագետների համար), Q (մշակութային փոխանակման շրջանակում այցելողների համար) և R տիպերի (կրոնական գործունեություն ծավալողների համար) այցագրեր ստանալ ցանկացողները:

Պետդեպարտամենտը, սակայն, մոտ 100 դոլարով նվազեցրել է նորապսակների այցագիրը` 350-ից դարձնելով 240 դոլար: Զգալիորեն կնվազի նաև ներգաղթյալների այցագրերի մեծ մասի արժեքը:

Սա վերջին երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ թանկացումն է: