Խարդախությամբ երազներ տեսագրող սարք են վաճառել Ղազախստանում

23:20 • 30.03.12

Աստանայի բնակիչ, երիտասարդ կինը «երազների տեսաձայնագրիչ» է գնել, հաղորդում է «Էքսպրես-Կ» պարբերականը: «Հրաշք-սարքի» համար նա 500 ԱՄՆ դոլար է վճարել:

Պարբերականի փոխանցմամբ, կինը մեծ նշանակություն էր տալիս իր երազներին, դրանք մարգարեական էր համարում: Սակայն դրանց մեծ մասը մոռանում էր: Այդ պատճառով, երբ երազները ձայնագրելու առաջարկ է ստացել, շտապել է օգտվել «հրաշք» առաջարկից:

Աստանայի բնակչուհին պատմել է, որ սարքը գնելու առաջարկը ստացել է էլեկտրոնային նամակի միջոցով` «Ձայնագրիր քո երազը» ՍՊԸ-ից (ООО "Запиши свой сон"): Կինը պատվիրել և ստացել է սարքը: «Տեսաձայնագրիչը» փոքր սարք էր, որը կպչուն ժապավենով պետք է ամրացվեր գլխին: Վաճառողները ներկայացրել են, որ եթե օգտագործողը միացված սարքով և գլխին ամրացված «տվիչով» քնի, ապա զարթնելուց կստանա երազների ձայնագրությունը:

«Ես գլխիս էի կպցնում և քնում, չնայած շատ անհարմար էր: Սարքը իսկապես նկարահանում էր, սակայն այն, ինչ ես իրականության մեջ էի տեսնում», - հիշել է կինը:

Կատարվածի մեջ հստակություն է մտցրել երիտասարդ կնոջ բարեկամը, ով, նկատելով սարքը, ասել է, որ դա սովորական տեսաձայնագրիչ է` նախատեսված ավտոմեքենաներում տեղադրվելու համար:

Կինը իրավապահ մարմիններին կատարվածի համար չի դիմել: