Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում. «Ժառանգություն»

14:22 • 30.03.12

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջև Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

«Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները և հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որևէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։

«Ժառանգության» շտաբից տեղեկացնում են նաև, որ Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ: