Մենք պիտի հաղթենք, քանի որ մենք ազնիվ ենք, մենք պիտի հաղթենք, քանի որ մենք արդար ենք. Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ելույթ ունենալով «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության 8-րդ համագումարին, նշեց որ ցանկանում է, որ համագումարը դառնա կարևոր սկիզբ նախընտրական գործընթացներին:
«Համագումարը համընկնում է նախընտրական գործընթացների հետ, ուստի ակնկալվում է ՕԵԿ երիտասարդական միության ակտիվ մասնակցությունը առաջիկա ընտրություններին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ՕԵԿ-ը նույնպես երիտասարդ կուսակցություն է, իսկ երիտասարդական միության անդամներին նա տեսնում է որպես երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներ, որոնք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար:
«Եթե չեք պայքարում, ուրեմն չգիտեք ձեր իրավունքները»,- հավելեց նա:
ՕԵԿ-ը նրա խոսքով նպատակ ունի արդարության և օրենքի Հայաստան կառուցել, ըստ այդմ նա կարևորեց իրավական համակարգի խնդիրների լուծումը, որում իրենց ներդրումը կարող են ունենալերիտասրդները. «Մեր իրավական համակարգը խնդրահարույց իրողություններ է առաջացնում Հայաստանի հասարակական–քաղաքական համակարգերում: Այս ամենի մեջ մեծ տեղ ունեն երիտասարդները, ուստի ուզում եմ չվախենան նայել ապագային»,- ասաց ՕԵԿ նախագահը:
Նա կոչ արեց կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ, ըստ նրա, մեծ տեղ է հատկացվում երիտասարդներին։
«Մենք պիտի հաղթենք, քանի որ մենք ազնիվ ենք, մենք պիտի հաղթենք, քանի որ մենք արդար ենք: Մենք դեմ ենք քամի տատանողներին, չարախոսներին, մեզ պետք են ասելիք ունեցող մարդիկ»,- ասաց նա նշելով, որ երիտասարդների մեջ տեսնում է վաղվա պատգամավորներին:









