MasterCard-ից և Visa-ից 10 մլն քարտապանների տվյալներ են գողացել
Միացյալ Նահանգներում հետաքննում են երկու առաջատար վճարային համակարգերի MasterCard-ի ու Visa-ի կրեդիտ և դեբետ բանկային քարտերի տերերի անհատական տվյալների արտահոսքը: BBC-ի հաղորդմամբ` կատարվածի մասին վճարային համակարգերն արդեն զգուշացրել են ամերիկյան բանկերին:
KrebsOnSecurity բլոգի տվյալների համաձայն` հնարավոր է գողացվել են 10 մլն կրեդիտային քարտ ունեցողների հաշվառման տվյալները:
MasterCard-ն ու Visa-ն հայտարարում են, որ կատարվածի մեջ մեղավոր են ոչ թե իրենց ներքին համակարգերը, այլ կողմնակի միջնորդ ընկերությունները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Համակարգերն անձամբ չեն թողարկում պլաստիկ քարտեր, այլ կազմակերպում են քարտապանների ֆինանսական գործարքներ միջնորդ-ընկերությունների միջոցով:
The Wall Street Journal-ը` հղում անելով իր սեփական աղբյուրներին, գրում է, որ տվյալների արտահոսքում մեղավոր է Global Payments ընկերությունը:
MasterCard-ը հայտարարել է, որ ձեռնարկում է բոլոր քայլերը` իր հաճախորդների տվյալների պաշտպանության ուղղությամբ, իսկ Visa-ն վստահեցնում է, որ հաճախորդները պատասխանատվություն չեն կրի հանցագործների կողմից կնքված և ոչ մի գործարքի համար:









