Իրանի դեմ պատերազմն ամերիկա-իրաքյանից սարսափելի կլինի. Էրդողան

12:27 • 31.03.12

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը ողբերգություն կլինի, իրանական Մեշհեդ քաղաքից Անկարա վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նույնիսկ այդ մասին քննարկումն է ողբերգություն: Այս մասին ես Օբամային էլ եմ ասել (ԱՄՆ նախագահ)», - ասել է Էրդողանը` հավելելով, որ նման քայլը կոչնչացնի տարածաշրջանը:

Նա զուգահեռներ է անցկացրել ամերիկա-իրաքյան պատերազմի ու իսրայելա-իրանական հնարավոր պատերազմի միջև:

«Նրանք (ԱՄՆ) ծախսեցին մոտ 2 տրիլիոն դոլար, բյուջեին հասցվեց մեծ վնաս: Սակայն, եթե Իսրայելը հարված հասցնի Իրանին, ապա պատերազմը կլինի ավելի սարսափելի, քան ամերիկա-իրաքյանն էր», - հայտնել է թուրք վարչապետը:

2003թ.-ի մարտից մինչև 2011-ի դեկտեմբերը տևած իրաքյան պատերազմի զոհերի թիվը 162.000 է, որոնց 79%-ը` քաղաքացիական անձինք: Այդ պատերազմում ամենաարյունալին համարվում են 2006 ու 2007 թվականները` յուրաքանչյուր տարում` 25.000 զոհ: