ԲՀԿ առաջնորդի խոսնակը համամիտ է ՀՀԿ խոսնակի հետ. կոալիցիան կա
«Բարգավաճ Հայաստանի» պաշտոնական տեսակետը կարող է արտահայտել միայն ԲՀԿ նախագահն ու նրա կողմից լիազորված անձինք, այդ թվում մամուլի խոսնակը: Այս մասին Tert.am –ին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով , թե արդյո՞ք ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի տեսակետը այն մասին, որ կոալիցիա էլ չկա, իրենց պաշտոնական տեսակետն է:
«Որպես ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ կարող եմ ասել, որ կոալիցիան գործում է մինչև խորհրդարանական ընտրություններ և միայն դրանից հետո նոր կորոշվի կոալիցիայի հետագա ճակատագիրը: Արդյո՞ք կձևավորվի նոր կոալիցիա՝ավելի քիչ անդամներով, թե՞ ավելի ընդլայնված կազմով: Դա պետք է որոշի արդեն ընտրողը», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս կապակցությամբ Tert.am –ի հետ զրույցում նման հայտարարություններ անողներին խորհուրդ էր տվել զանգահարել ԲՀԿ նախարարներին և տեսնել՝ իրենք աշխատասենյակներու՞մ են, թե ոչ:
Նշենք, որ ըստ շրջանառվող մեկնաբանությունների, այդ թվում նաև ԲՀԿ-ի ներսում, կոալիցիան իր մի անդամի՝ ԲՀԿ-ի մասով դադարեց գոյություն ունենալ մոտ մեկուկես ամիս առաջ, երբ ԲՀԿ-ն բոյկոտեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագիծը»:
Խաչիկ Գալստյանը նշեց. «Դրանք առանձին տեսակետներ են»:
Ինչ վերաբերում է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե նախորդ 4 տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել, և Հանրապետականն էլ «արել է այն ինչ ցանկացել է», ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է, ապա Խաչիկ Գալստյանն ասաց, որ Օսկանյանն այդ հարցազրույցը տվել է որպես անհատ վերլուծաբան և ներկայացրել է իր անձնական կարծիքը:









