Արամ Սաֆարյանն ինչ ասել է Ռուբեն Մասումյանի մասին, ճիշտ է ասել. Խաչիկ Գալստյան

12:33 • 31.03.12

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հաստատում է ԲՀԿ-ական գործընկերոջ՝ Արամ Սաֆարյանի հայտարարությունները իրենց նախկին կուսակից, այժմ թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ից առաջադրված Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբոյի) մասին:

«Ինչ ասում է Արամ Սաֆարյանը, բացարձակապես ճիշտ է»,-Tert.am –ի հետ զրույցում ասաց Խաչիկ Գալստյանը:
Նշենք, որ կայքերից մեկում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտնել էր, որ Ռուբեն Մասումյանը հեռացված է եղել կուսակցությունից՝ կուսակցականին ոչ վայել պահվածքի և «մի քանի տիրոջ ծառա լինելու համար»: Արամ Սաֆարյանն ասում է նաև, որ Բենզին Ռուբոն իր ընտանիքի բարեկեցությունը փորձել է կառուցել կուսակցական շահի վրա, վաճառքի է հանում իր` որպես կուսակցականի խիղճն ու պատիվը:

Նշենք, որ Խաչիկ Գալստյանը ժամանակին մեկնաբանելով, թե ինչու է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի նախկին ղեկավար Ռուբեն Մասումյանը լքել ԲՀԿ-ն, ասել էր, թե նա լուրջ առողջական խնդիրներ ունի և քաղցկեղի բուժման կուրս է անցնում արտերկրում: Մինչդեռ հիմա, պարզվում է՝ նա հեռացվել է:

Ի պատասխան՝ Խաչիկ Գալստյանը նշեց, որ «տվյալ անձնավորությունն այն ժամանակ իրենց այդպիսի հիմնավորում էր ներկայացրել»: Այսինքն՝ որ պետք է բուժվի արտասահմանում:

Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում նման լուրեր կան նաև «Բարգավաճ Հայաստանի« համամասնական ցուցակում ընդգրկված Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի մասին:

«Դրանք անհիմն լուրեր են և նպատակ ունեն վարկաբեկելու մեր կուսակցության երիտասարդ գործիչներին»,-ասաց Խաչիկ Գալստյանը: