Խոշոր ավտովթար Երևանում. 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

17:41 • 31.03.12

Այսօր մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիրի 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի 13 ՕԼ 606 համարանիշի և 20 ամյա Էդուարդ Գասպարյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի 71 PT 111 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդ Գ. Ավդալյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդ Է. Գասպարյանն ու նրա երեք ուղևորներ՝ 19 ամյա Դավիթ Գասպարյանը, 21 Ժորա Ստեփանյանը, և 20 ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մահացածին և վիրավորներին դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, Երևանի փրկարար վարչության հատուկ փրկարարները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: