Մեկ ժամով լույսերը անջատելը մեծ օգուտ է բերում. Կլիմայի կենվենցիայի ազգային համակարգող

15:37 • 31.03.12

Թեև տարվա մեջ ընդամենը մեկ անգամ մի ժամով լույսերն անջատելը ծախսերի կամ ռեսուրսների հետ կապված չէ, այլ միայն բնապահպանական ակցիա է, այնուամենայնիվ, ըստ Կլիմայի կենվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի, մեկ ժամով լույսերն անջատելը բերում է բավկանին մեծ օգուտ: Այս մասին նա հայտարարեց «Մոլորակի ժամ»-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Միշտ էլ բոլորիս հետաքրքում է, թե մեկ ժամով անջատելը որքան կկրճատի ծախսերը: Դա առաջին հերթին կախված է այն բանից, թե այդ պահին ինչ հզոր կայաններ են աշխատում: Օրինակ ջերմաէլեկտրակայանի դեպքում 1կվ ժամում օգտագործվում է 130 գրամ գազ է և արտանետվում՝ 250 գրամ CO2: Սակայն հստակ հաշվարկներ մենք չենք արել և չունենք»,-ասաց նա։

Այնունամենայնիվ, նա նշեց, որ ամեն տարի իրենք ուսումնասիրություն են կատարում, որպեսզի իմանան, թե այդ անջատումների ժամանակ ինչ կայաններ են աշխատել:

«Օրինակ՝ եթե միայն ատոմակայնն է աշխատել, ապա ատոմակայանից արտանետումներ չկա և լույս անջատելը նշանակություն չունի, բայց եթե այդ ժամանակ ՋԷԿ է աշխատել արդեն հաշվարկների անհրաժեշտություն կա: Անցած տարվա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 1.5 տոննա CO2 քիչ է արտանետվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Մոլորակի ժամ 2012»-ը ամբողջ աշխարհում այս տարի տեղի կունենա այսօր ժամը 20:30-ից 21:30-ը: Արդեն չորրորդ անգամ է, որ Հայաստանը միանում է այս բնապահպանական ակցիային: