Բնապահպանների թիվը Մաշտոցի պուրակում աճում է (տեսանյութեր, լուսանկարներ, թարմացվում է)
Այս պահին Մաշտոցի պուրակում են հավաքված են ավելի քան 150 բնապահպանական ակտիվիստներ, հասարակական գործիչներ և սովորական քաղաքացիներ, որոնց թիվը գնալով աճում է։ Այստեղ են նաև մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում և՝ հեռուստաընկերություններից։
Ակտիվիստները պատրաստվում են մի խումբ քաղաքացիների միջոցով ապամոնտաժել Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխված կրպակները, որը ի սկզբանե նախատեսվում էր այսօր՝ մարտի 31-ին, ժամը 13–ին։
Ակտիվիստներին են միացել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։
Տիգրան Խզմալյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ մասնակցելու է ապամոնտաժմանը։ Այն հարցին, թե բախումային վիճակի դեպքում ի՞նչ կանի նա, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ անելու է, որ բախում չլինի և «բանվորի պես» իր գործն է անելու։
Նշենք նաև, որ մոնտաժող բրիգադը հանդերձավորված է հատուկ բանվորական արտահագուստով։
Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց, որ թեև ինքը արդեն հայտարարված ապամոնտաժող տասնյակի մեջ չկա, բայց պայքարը տասնյակով չի սահմանափակվում և եթե դրա կարիքը լինի, ինքն էլ կմիանա։
Քիչ առաջ, ոստիկանները բարձրախոսով հայտարարեցին, որ ապամոնտաժումը հակասահմանադրական է , ապամոնտաժմանն ուղղված գործողությունները կարող են որակվել իրավախախտում և առաջացնել պատասխանատվություն։ Հայտարարությանը բնապահպաններն արձագանքեցին «Զարթիր լաու» երգը երգելով։
Բնապահպանները վանկարկում են «Համագործակցում», «Կանաչ, մաքուր, Հա–յաս–տան», «Այգին մերն ա» և այլն։
Տարածքում բնապահպանական ակտիվիստներից շատ ավելի մեծ քանակով ոստիկաններ կան՝Ոստիկանության Երևանի կայազորի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Վերջինս Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի գնով թույլ չեն տալու ապամոնտաժումը։ «40 օր է մենք հորդորում ենք վարվել օրենքով։ Մենք թույլ չենք տա, որ տեղի ունենա օրինականության խախտում»,– ասաց նա։
Ռոբերտ Մելքոնյանը պարբերաբար փորձում է բանակցությունների մեջ մտնել բնապահպանների ներկայացուցիչների, այդ թվում և՝ պատգամավորների հետ։
Այստեղ են նաև Ոստիկանության հատուկ ջոկատայինները։ Ոստիկանների մի մասը զինված է էլեկտրոշոկերով, մահակներով, սաղավարտներով և վահաններով։
Քիչ առաջ այստեղ ժամանեց նաև Ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ ոստիկանությունը նախազգուշական հաղորդագրույթյուն էր տարածել՝ տեղեկացնելով ապամոնտաժման մտադրությունը կյանքի կոչելու փորձի հնարավոր հետևանքների մասին։
«Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ:Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման»,– մասնավորապես նշված էր Ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք նաև, որ ակտիվիստները երկու օր առաջ նամակ էին ուղարկել ոստիկանապետին՝ իրազեկելով իրենց մտադրության մասին։
Երեկ էլ բնապահպան Մարիամ Սուխուդյանը հաղորդագրություն էր տարածել, որով բնապահպան ակտիվիստների անունից խնդրում էր Ոստիկանությանը՝ չմիջամտել այսօր նախատեսված ապամոնտաժման գործողություններին։
Բնապահպաններն իրենց գործողությունների հիմք են համարում իրենց նախձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական դատարանի» մարտի 17-ի վճիռը, որով պահանջ ներկայացվեց Երևանի Քաղաքապետարանին 10-օրյա ժամկետում պուրակը բարեկարգել, ապամոնտաժել տաղավարները և տարածքը օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որին սակայն, քաղաքապետարանից արձագանք չի եղել:
Ըստ հաղորդագրության՝ Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներից անկախ էլ ձևավորվել է քաղաքացիների մի խումբ՝ բրիգադ, որը պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները: Բրիգադում ներգրաված են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ։
Ապամոնտաժող բրիգադը նախատեսել է իրականացնել ապամոնտաժումը մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց հասարակական կարգը խախտելու և սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։
Բնապահպանների տարածած հաղորդագրության համաձայն՝ ապամոնտաժումը իրականացնելու են բացառապես բրիգադի անդամները, ուստի խնդրվում և պահանջվում է չմիջամտել գործողություններին և չենթարկվել որևէ սադրանքի: Բնապահպանները հայտարարել են նաև, որ որևէ սադրիչ կամ բռնի գործողություն կատարողները կապ չունեն բրիգադի և պուրակի համար պայքարող քաղաքացիների հետ:
Ըստ հայտարարության՝ ապամոնտաժման աշխատանքները կատարելու են հետևյալ անձինք.
1. Աբրահամյան Էմիլ
2. Դանիելյան Ստեփան
3. Խզմալյան Տիգրան
4. Կարապետյան Հարություն
5. Հովհաննիսյան Արմեն
6. Ղահրիյան Հայկազն
7. Ղուկասյան Անդրիաս
8. Շիկոնյան Կարեն
9. Սարկիսյան Մանվել
10. Սարոյան Սարո



















