«Մոլորակի ժամ»-ին միացել են նաև Կապանն ու Վանաձորը
«Մոլորակի ժամ 2012»-ը ամբողջ աշխարհում այս տարի տեղի կունենա այսօր ժամը 20:30-ից 21:30-ը: Արդեն չորրորդ անգամ է, որ Հայաստանը միանում է այս ակցիային, բայց այս տարի բացի Երևանից, իրենց լույսերը կանջատեն Կապանն ու Վանաձորը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը և տեղեկացրեց, որ ակցիան ամեն տարի անցկացվում է Ամեն տարվա մարտ ամսվա վերջին շաբաթ օրը:
«Հաճախ մարդիկ հարցնում են՝ որն է իմաստը: «Մոլորակի ժամը» կոչ է անում կատարել առաջին քայլը և անջատել լույսերը: Բայց ով միանում է այս ակցիային, պարտականություն են վերցնում կատարել երկրորդ և երրորդ քայլերը: Այսինքն՝ իմաստը այն չէ, որ անջատես, բայց շարունակես կեղտոտել մոլորակը: Սա սիմվոլիկ է և խորհրդանշում է բնապահպանական խնդիրների լուծման պատասխանատվություն»,-ասաց նա և ավելացրեց, որ պետք է ցույց տալ, որ մարդկությունը կարողանում է միանալ մեկ գաղափարի շուրջ և լուծել հարցեր»:
ՀՀ բնապահպանության նախարարության մթնոլորտային փոփոխության բաժնի պետ Մարտիրոս Ծառուկյանը իր խոսքում նշեց, որ ակցիան նշանակալի բարիք չի բերում, բայց դա առիթ է, որպեսզի մարդիկ անդրադառնան իրենց վարքին ու ապրելակերպին:
«Մարդկանց վարքը ուղղված է հնարավորինս ավելի շատ նյութական բարիքներ ձեռք բերելուն: Մեկ ժամ լույսը անջատելով իրենց սովորական առօրյայից դուրս կգան և առիթ կհանդիսանա մտածելու իրենց կյանքի ու կենցաղի մասին: Մարդիկ պետք է հասկանան որ մոլորակը բոլորինն է և պետք է խնայողաբար օգտագործել բոլոր ռեսուրսները»,-ասաց նա և հիշեցրեց, որ այսօր մարդկության 20%-ը զրկված է էլեկտրաէներգիայից:
Հիշեցնենք, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք միանալով ակցիային՝ պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:
Անցած տարի այս ակցիային իրենց մասնակցությունն են ունեցել ավելի քան 5 200 քաղաքներ 135 երկրներում, որոնց թվում 89 մայրաքաղաքներ:









