Օբամայի խորհրդականը նրա հակառակորդի՞ն է աջակցում
Ամերիկյան General Electric ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Իմելթը չեզոք դիրք է զբաղեցնում ԱՄՆ նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին աջակցության հարցում, հայտնել է ընկերության մամուլի քարտուղարը:
Օրեր առաջ Fox Business հեռուստաալիքը հայտնել էր, որ նախագահ Օբամայի` հասարակական հիմունքներով տնտեսական հարցերով խորհրդական Իմելթը հիասթափվել է Սպիտակ տան քաղաքականությունից և գալիք ընտրություններում ակտիվորեն աջակցում է Օբամայի հավանական մրցակցին` հանրապետական Միթ Ռոմնիին:
Հիշեցնենք, որ դեմոկրատ Օբամայի մրցակցի անունը հայտնի կդառնա Հանրապետական կուսակցության` օգոստոսի վերջին կայանալիք համագումարում, որտեղ կընտրվի նախագահի` կուսակցական միասնական թեկնածուն:
«Դա նոնսենս է: Ջեֆը բազմիցս հայտարարել է, որ նախագահը գործազրկության դեմ պայքարի խորհրդում հրաշալի գործընկեր է: Ջեֆը նաև ասել է, որ նախագահը կարողանում է լսել փաստարկներ և ակտիվորեն մասնակցել խորհրդի աշխատանքներին»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի քարտուղարը:
Տարիներ առաջ հանրապետականները մեղադրում էին Իմելթին 2008թ. նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի թեկնածությանն աջակցելու համար:









