Թող մի հատ զանգեն իրենց նախարարներին, հարցնեն՝ կոալիցիա կա՞. ՀՀԿ մամուլի խոսնակ

14:24 • 31.03.12

Եթե կոալիցիա չկա, ապա Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իշխանական կոալիցիայի գոյության ավարտի վերաբերյալ հայտարարություններ անողներին խորհուրդ է տալիս «մի հատ զանգել իրենց նախարարների աշխատասենյակներ ու տեսնել՝ աշխատո՞ւմ են, թե՝ ոչ»:

«Թող մի հատ զանգեն իրենց նախարարներին, հարցնեն՝ կոալիցիա կա՞, թե՞ ոչ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը՝ մեկնաբանելով ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի հայտարարությունը, թե իշխանական կոալցիա այլևս չկա, և ըստ Տիգրան Ուրիխանյանի` կոալիցիան «ժամանակավոր բնույթ կրող քաղաքական կազմակերպությունները միավորող մի ձևավորում է, որն ունի իր սկիզբն ու ավարտը, քանի որ կոալիցան չէր կարող լինել հավերժ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնչեցված այն մտքին, թե նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց, որ եթե վերջերս ԲՀԿ-ին «մեծ ոգևորությամբ անդամակցած Վարդան Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն վերջին չորս տարիներին զբաղված է եղել սոսկ ձևականությամբ և ունեցել է դիտորդի կարգավիճակ, ապա դա իր խնդիրն է»: Էդուարդ Շարմազանովն այդպես չի կարծում և ավելի դրական կարծիք ունի ԲՀԿ-ի մասին:

Հիշեցնենք, որ Օսկանյանը նաև ասել էր, որ վերջին չորս տարիներին Հանրապետականն «արել է այն ինչ ցանկացել է», ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ նրա վրա է: