Ֆիլիպինների ափերի մոտ զբոսանավ է վթարվել

13:55 • 31.03.12

Ֆիլիպինների հարավային ափերի մոտ վթարի է ենթարկվել 600 ուղևորով և 400-հոգանոց անձնակազմով Azamara Quest զբոսանավը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով ֆիլիպինյան առափնյա անվտանգության ծառայությանը, նավում հրդեհ է բռնկվել, որը վնասել է շարժիչը: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, անձնակազմի հինգ անդամ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նավը Մանիլայից ուղևորվում էր մալայզիական Սանդական նավահանգիստ:

Azamara Quest-ը պատկանում է Azamara Club Cruises ճամփորդական կազմակերպությանը, որը, իր հերթին, համարվում է Royal Carribean Cruises-ի մասնաճյուղը: Associated Press-ի համաձայն` այս խոշոր ընկերության նավերը տարեսզբից ենթարկվել են մի քանի վթարների, որոնք հարված են հասցրել ընկերության հեղինակությանն ու եկամուտներին:

Ամենախոշորն Իտալիայի ափերի մոտ Costa Concordia-ի վթարն էր, ինչի հետևանքով զոհվել էր 32 մարդ: Մեկ ամիս անց հրդեհ էր բռնկվել Costa Allegra նավում, ինչի հետևանքով նավն առանց էներգիայի էր մնացել Հնդկական օվկիանոսում: