Ռուսաստանում Ստալինի պատկերով տետրեր են հայտնվել

16:10 • 31.03.12

Ռուսաստանի Դաշնության գրախանութներում Ստալինի պատկերով դպրոցական տետրեր են հայտնվել, ինչն առաջացրել է Հասարակական պալատի անդամների զայրույթը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, պալատի անդամները դա անվանել են «անբարոյականություն» ու «վայրենություն»:

Ըստ լրատվամիջոցների` Ստալինի պատկերով տետրերը հրատարակվել են «Ռուսաստանի մեծերը» շարքի շրջանակում` Կուտոզովի, Ժուկովի, Նախիմովի և այլոց անունների կողքին:

ՀՊ անդամ, «Լիտերատուրա» հրատարակության գլխավոր խմբագիր Սերգեյ Վոլկովը նշել է, որ Ստալինն ու Հիտլերը 20-րդ դարում իրագործել են հրեշավոր հանցագործություններ, և այն փաստը, որ Ռուսաստանը չի քննադատել ստալինյան ռեժիմի հանցագործությունները, նրան չի գեղեցկանում:

ՀՊ անդամ, հեռուստահաղորդավար Նիկոլայ Սվանիձեն, իր հերթին, նշել է, որ առնվազն անբարոյականություն է նման շապիկով տետրեր հրատարակելը, երբ դրանց ներսում երեխաները գրում են ռեժիմի զոհերի մասին:

«Զուտ դաստիարակչական առումով` սա անբարոյանակություն է»,- ասել է նա:

Լրատվամիջոցների համաձայն` տետրերը հրատարակող «Ալտ» հրատարակչությունից հայտնել են, որ պատրաստ են բանակցելու և ընդունելու բոլոր պահանջներն ու առաջարկները: