ԲՀԿ-ն հստակ այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում և կոալիցիային. ԲՀԿ խորհրդի անդամ
ԲՀԿ-ն հստակ այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում և կոալիցիային: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն, մասնակցելով ընտրություններին, նպատակ ունի շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու բարեփոխումներ:
Թե ինչպես է պատրաստվում կուսակցությունը մասնակցել ընտրություններին, Ուրիխանյանը չցանկացավ բացել գաղտնիքները, բայց նշեց, որ կուսակցությունը չի պատրաստվում որևէ մեկի հասցեին «ցեխ շպրտել»:
«ԲՀԿ-ն ոչ մեկի վրա ցեխ չի շպրտել և չի էլ պատրաստվում: ԲՀԿ-ում «սև տեխնոլոգիաների» կիարառումը ընդունված չէ, նախընտրական քարոզարշավը լինելու է օպտիմիստական»,- նշեց քաղաքական գործիչը:
Արդյո՞ք հանրահավաքով կմեկնարկի կուսակցության քարոզարշավը, հարցին, նա նշեց, որ չի ցանկանում դեռ բացահայտել:
Խոսելով ԲՀԿ-ի համամասնական ցուցակի մասին, Ուրիխանյանն այն գնահատեց ժողովրդավարական, քանի որ ընդգրկում է մեծ թվով երիտասարդների, ինչն էլ ըստ նրա ժողովրդավարության չափանիշ է:
«Համամասնական ցուցակը ձևավորված է ԲՀԿ-ի սկզբունքների և ծրագրերի հիման վրա, քանի որ ցուցակի 30 տոկոսը երիտասարդներ են, ինչը ժողովրդավարության չափանիշ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե կան էլ բացառություններ, ապա հաստատում են ընդհանուր կանոնը:









