Վաշինգտոնը բողոքել է Մոսկվային դեսպան Մաքֆոլի նկատմամբ վերաբերմունքի պատճառով (տեսանյութ)
Բարաք Օբամայի աշխատակազմը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ այն հետապնդումների կապակցությամբ, որոնց ենթարկվում է ԱՄՆ-ի ՌԴ-ում դեսպան Մայքլ Մաքֆոլը: Նաև ԱՄՆ-ն Ռուսաստանի առաջ դեսպանի անվտանգության անբավարար մակարդակի վերաբերյալ հարց է բարձրացնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:
Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանը իր Twitter-ի էջում բողոքել էր ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողների պահվածքից՝ հայտնելով, որ լրագրողները նրան բառացիորեն հետապնդում են:
Նման հայտարարություն դեսպան Մաքֆոլը կատարել էր այն բանից հետո, երբ НТВ-ի լրագրողները նրան 20 րոպե շարունակ խանգարել էին Ռուսաստանում հայտնի իրավապաշտպան, «Մարդու իրավունքների համար» շարժման առաջնորդ Լև Պոնոմորյովի հետ հանդիպմանը ներկայանալուն: Բացի այդ, նրանք հրաժարվել են բացահայտել, թե որտեղից էին իմացել դեսպանի և իրավապաշտպանի հանդիպման մասին: Դեսպանը համոզված է, որ նրա հեռախոսը և էլեկտրոնային փոստը ինչ-որ կերպ հասանելի են լրագրողներին:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Մաքֆոլը հայտնել է, թե իր յուրաքանչյուր քայլ վերահսկվում է Ռուսաստանի իշխանության կողմից կառավարվող հեռուստաալիքի կողմից: Այս ամենը մտավախություններ է առաջացնում նրա անվտանգության վերաբերյալ:










