Շենուդա 3-րդ Պապի գերեզմանի մոտ 7 եգիպտոսցի է զոհվել
7 մարդ զոհվել, ևս 2-ը լուրջ վնասվածքներ է ստացել հրմշտոցի հետևանքով, որը տեղի է ունեցել ղպտիների հանգուցյալ առաջնորդ Շենուդա 3-րդ Պապի գերեզմանի մոտ` Կահիրեից 100 կմ դեպի հյուսիս ընկած Վադի Նատրուն տեղանքում, հայտնում են եգիպտական լրատվամիջոցները:
Ողբերգությունը տեղի է ունցել Բիշոյայի վանքում, որտեղ մարտի 21-ին, սեփական կտակի համաձայն, հողին էր հանձնվել ղպտիների պատրիարքի դին:
Մահացածների թվում 3 կին կա, որոնցից մեկին մինչև հիմա չի հաջողվել ճանաչել, 46-ամյա տղամարդ և 13-ամյա տղա:
Ըստ վանականների` հուղարկավորությունից հետո ամեն օր Պապի գերեզման 1000-ավոր ուխտավորներ են գալիս: Շաբաթ օրը հատկապես մեծ էր ուխտավորների թիվը, և ողբերգությունը հնարավոր չի եղել կանխել:
Մարտի 17-ին Կահիրեում 89 տարեկան հասակում վախճանվել էր Եգիպտոսի ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ պապը:
Ղպտիները ամենանշանակալի քրիստոնեական համայնքն են Մերձավոր Արևելքում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` նրանք կազմում են Եգիպտոսի 85 մլն-անոց բնակչության 15%-ը:









