Գյուղնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16:12 • 02.04.12

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Երևանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը՝ Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ խումբն արդեն ներկայացրել է նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված զեկույցը «Հայաստանի հանրապետության կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը» թեմայով, և Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 2–ին Համաշխարհային բանկի, Գյուղնախարարության և Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին՝ նվիրված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարական ծրագրերի մշակմանը։

Պատվիրակության կազմում էին միջազգային փորձագետներ Ջեյմս Նեմանը, Քեննեթ Ստրզեբեկը, Ջիտենդրա Սիրվաստավան և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը։

Ողջունելով հյուրերին, նախարարը կարևորել է կլիմայական փոփոխությունների հետևանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը և նշել է, որ ամենայն մանրամասնությամբ տեղյակ է ներկայացված զեկույցին ու պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել հաջորդ քայլերի համար, մասնավորապես օժանդակել ուսումնասիրությանն անհրաժեշտ Հայաստանի մի քանի ագրոէկոլոգիական գոտիների և մոդելային յոթ հիմնական մշակաբույսերի ընտրության գործին։

Նիկոլաս Ահուիսուսը շնորհակալություն է հայտնեց ջերմ ընդունելության համար, և տեղեկացրել, որ ուսումնասիրությունների առարկա կարող է դառնալ նաև անասնապահության ոլորտը, իսկ ակնկալվող առաջիկա արդյունքները կլինեն այսպիսին՝

• գյուղացիական տնտեսությունները կամ ֆերմերները կստանան Համաշխարհային բանկի մշակած խորհրդատվական ուղեցույցները, որով նվազագույնի կհասցվեն կլիմայափոխության արդյունքում ի հայտ եկած կորուստներն ու վտանգները

• կնվազեցվեն ջերմոցային գազերի արտանետումները

• կներկայացվեն առաջարկություններ ներդրումների վերաբերյալ

Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին տեղեկացրել է որ, ստեղծվել է ծրագրի տեխնիկական հսկողության հանձնաժողով, որը կհամակարգի Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման, ՀԲ-ի աշխատակիցների և միջազգային խորհրդատուների հետ համագործակցության ապահովման, վերջիններիս կողմից ներկայացված հաշվետվությունների քննարկման, ուսումնասիրությունների համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործընթացները։