Տյումեն-Սուրգուտ ինքնաթիռի վթարի վարկածներ. ահաբեկչությունը բացառված է

13:15 • 02.04.12

Հետաքննությունը բացառում է Տյումենի Ռոշչինո օդանավակայանից 42 կմ հեռավորության վրա վթարված UTair ավիաընկերության` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի պատճառներից ահաբեկչության վարկածը, հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ինքնաթիռում գտնվել է 43 մարդ` 39 ուղևոր և 4-հոգանոց անձնակազմը: Նրանցից 31-ը զոհվել է, իսկ ողջ մնացածների վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհերի թվում կան երեխաներ: Ի դեպ,ըստ vz.ru-ի` զոհված օդաչուն ծրագրում էր մոտ ժամանակներում ամուսնանալ:

Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ վթարված ինքնաթիռի օդաչուները մինչ թռիչքը բուժզննում չեն անցել: Սակայն Մարկինը հերքել է լուրերը` հայտնելով, որ քննիչներն ունեն այդ մասին վկայող փաստաթղթեր:

ՔԿ-ն չի բացառում, որ վթարը կարող էր տեղի ունենալ օդաչուների, օդանավի տեխնիկական անսարքության կամ երկրային ծառայությունների սխալի հետևանքով:

Վթարի հետևանքով իր աշխատանքային գրաֆիկը փոփոխել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Հետաձգվել է նրա` չգրանցված կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը:

Հետաձգվել է նաև «Ռուսաստանի թևեր-2011» ազգային ավիացիոն մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը նախատեսված էր այսօր, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Օդանավի ինքնագրիչ «սև արկղերն» արդեն հայտնաբերվել են: