«Եվրատեսիլի մասնակիցները» կստիպեն Ադրբեջանին հարգել խոսքի ազատության իրավունքը. Amnesty international

13:38 • 02.04.12

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօրվանից Twitter և Facebook սոցիալական կայքի միջոցով կամպանիա կիրականացնի` կոչ անելով եվրոպացի հայտնի երաժիշտներին, ինչպես նաև Եվրատեսիլի նախկին հաղթողներին, միավորվել և Ադրբեջանից պահանջել` հարգել խոսքի ազատությունը:

Amnesty International-ը հաղորդագրություն է տարածել` կոչ անելով Եվրոպական հեռարձակողների միությանը և «Եվրատեսիլի» կազմակերպիչներին` ստիպել ադրբեջանցի պաշտոնյաներին հարգել մարդու իրավունքները երկրում:

Հակակառավարական խաղաղ ցույցերի մասնակիցները շարունակում են ձերբակալված մնալ և կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց:

Ադրբեջանում կազմակերպության ներկայացուցիչ Մաքս Թաքերը հիշեցրել է, որ «Եվրատեսիլը» խորհրդանշում է ազատությունը:

«Ադրբեջանն այժմ խոսքի և մամուլի ազատության առումով աշխարհի վատթարագույն վիճակում գտնվող երկրներից մեկն է: Շարքային ադրբեջանցիները անցնող 20 տարիների ընթացքում շարունակում են ապրել վախի մթնոլորտում», - ասել է նա:

Նա նշել է, որ ադրբեջանական իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար և Եվրոպացի հեռարձակողների միությունը բացառիկ հնարավորություն ունի` ստիպելու կառավարությանը` հարգել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը:

Եվրատեսիլի նախկին մասնակիցները Դանիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից արդեն միացել են կամպանիային: Մասնակիցների թվում կան արտիստներ անգամ Ադրբեջանից:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 22-26-ը` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: